Օջալանը Թուրքիայի կառավարությանը կոչ է արել շտապել կոնկրետ քայլեր ձեռնարկելիս
Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր և առաջնորդ, 1999 թվականից ցմահ ազատազրկում կրող Աբդուլլահ Օջալանը Թուրքիայի կառավարությանը կոչ է արել արագ գործել «Քրդական հարցի» ժողովրդավարական կարգավորման ընթացիկ գործընթացի շրջանակներում:
Այս մասին նշված է քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) տարածած հայտարարությունում, որի պատվիրակությունը երեկ այցելել է Մարմարա ծովի Իմրալը կղզի, ուր պահվում է Օջալանը:
ԽԺԿ-ի պատվիրակության հետ հանդիպելուց հետո Օջալանը հայտարարել է, որ խաղաղության գործընթացին աջակցելու իր հնարավորությունները սահմանափակ են: Օջալանը կառավարությանը կոչ է արել ստեղծել հնարավորություններ, որոնք իրեն հնարավորություն կտան ավելի շատ աջակցել գործընթացին՝ ընդգծելով, որ կարող է զգալի ներդրում ունենալ կարգավորման գործընթացում:
Օջալանը հավելել է, որ կառավարությունը չպետք է կասկածներ ունենա նման հասարակ քայլերի կատարման նկատմամբ, քանի որ վերջիվերջո խոսքը գնում է 50.000 մարդու կյանք խլած, 40-ամյա հակամարտության կարգավորման փորձի մասին:
Օջալանը հույս է հայտնել, որ կհաջողվի առաջընթաց գրանցել սեպտեմբերի սկզբին կարգավորման գործընթացի երկրորդ փուլի շրջանակներում, ինչը հնարավորություն կտա քննարկումներ սկսել նաև երրորդ փուլի շուրջ:
Օջալանի կառավարությանը կոչ է արել շտապել՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ընթացող իրադարձությունները: Օջալանը կոնկրետ և գործնական քայլեր է ակնկալում կառավարությունից՝ նախքան խորհրդարանի նստաշրջանի սկսվելը: Օջալանը երկրի խորհրդարանին կոչ է արել նույնպես ներդրում ունենալ «Քրդական հարցի» կարգավորման գործընթացում:
Օջալանն իր ելույթի վերջում հայտարարել է, որ ունեցել է առողջական մի շարք խնդիրներ, որոնք սակայն իրենց ազդեցությունը չեն թողել իր առողջական ընդհանուր վիճակի վրա:
Հիշեցնենք, որ թուրք-քրդական հաշտեցման գործընթացի առաջին փուլը մեկնարկել է այս տարվա մայիսի 8-ին, երբ PKK-ի զինյալները սկսեցին լքել Թուրքիայի տարածքը և անցնել Հյուսիսային Իրաք: