Հասարակական տրանսպորտը գերծանրաբեռնված է աշխատում. Քաղաքապետարանը գիտակցվա՞ծ է նվազեցնում թվերը
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը վարորդներից ստացել է տեղեկատվություն՝ հուլիսի 21-ին տեղափոխված ուղևորների թվի վերաբերյալ (վարորդները խնդրել են չնշել, թե իրենք որ երթուղին են սպասարկում).
1-ին երթուղի՝
տեղեկատվություն տրամադրած 2 վարորդներ սպասարկել են «Գազել» մակնիշի մեքենաներով և օրական իրականացրել են միջինում ոչ թե 6.5, այլ 7 շրջապտույտ: Վարորդներից մեկը տեղափոխել է՝ 205, մյուսը` 217 ուղևոր:
2-րդ երթուղի՝
Կրկին 2 վարորդներ սպասարկել են «Գազել» մակնիշի մեքենաներով: Վարորդներից մեկն իրականացրել է՝ 6.5, մյուսը՝ 7 շրջապտույտ: 6.5 շրջապույտ իրականացնող վարորդը տեղափոխել է՝ 214, իսկ 7 շրջապտույտ իրականացնողը՝ 240 ուղևոր:
3-րդ երթուղի՝
Գիծը սպասարկել են «Hundai» մակնիշի միկրոավտոբուսներով: Վարորդներից 1-ը տեղափոխել է մոտ 290 ուղևոր, իսկ մյուսը՝ մոտ 320:
168.am-ի հետ զրույցում ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ սա դեռ ամառվա այս շրջանում է, երբ ուսանողները քաղաքում չեն, իսկ բնակիչների մի ստվար զանգված հանգստանալու նպատակով գտնվում է մարզերում կամ արտերկրում, և օրն էլ կիրակի էր (ոչ աշխատանքային). «Հրապարակվել են միայն ամենափոքր թվերը: Կան վարորդներ, որոնք տեղափոխել են թվով 400-ից ավելի ուղևոր»:
Այսինքն, քաղաքապետարանի հաշվարկը, թե մեկ շրջապտույտի դեպքում 25-30 ուղևոր է տեղափոխվում, չի համապատասխանում իրականությանը, և հասարակական տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու Երևանի քաղաքապետարանի որոշումը հիմնավորված չէ ու անօրինական է: ՀԿ-ի հաշվարկներով՝ 100 դրամ ուղեվարձի դեպքում էլ երթուղայիների սեփականատերերը գերշահույթ են ստանում:
Լուսանկարը՝ Panorama.am-ի