«Մի երեքով նստել են սեղանի շուրջ, մի բաժակ էլ խմել են…». Ինչպես են հաշվարկել տրանսպորտի գինը՝ ըստ Բագրատ Ասատրյանի
«Տնտեսական զարգացումը, հատկապես՝ ժամանակակից պայմաններում, տարբերակ չունի՝ գնում է առավել թանկացման»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով մի շարք ապրանքների թանկացմանը: Վերջինս նշեց, որ գների բաձացումն, ըստ էության, չի կարող այլ լինել: Բայց, ըստ նրա, «իրենց հարգող երկները» տվյալ դեպքերում մտածում են, որ թանկացումները ուղեկցվեն նաև քաղաքացիների եկամուտների բարձրացմամբ, որպեսզի դրանք մարդու շահերի վրա մեծ անդրադարձ չունենան: Ըստ Վ. Բոստանջյանի՝ ՀՀ-ում թանկացումները պայմանավորված են նաև սուբյեկտիվ պատճառներով. «Ոլորտում, եթե մեկը ստանում է իրավունք, հնարավորություն գործ ծավալել, անպայմանորեն պետք է գերշահույթներ հետապնդի: Սա հոգեբանանություն է դարձել մեզ մոտ: Մարդիկ չեն պատկերացնում, որ գերշահույթները պետք է նվազեն: Այս միտումը պահպանելու ցանկությամբ են պայմանավորված թանկացումները»: Իր հերթին տնտեսագետ Բագրատ Ասատրյանն էլ շեշտեց, որ իշխանությունները այս թանկացմամբ ցույց տվեցին, որ իրենց «ձևաչափից» դուրս չեն գալիս: Գազի ու տրանսպորտի գնի թանկացմամբ պաշտոնատար անձինք, նրա գնահատմամբ, «սուտ ասացին»: «Իշխանություններ ստախոսում են: Իսկ հասարակությունը փորձում է դիմագրավել»,- ասաց Բագրատ Ասատրյանը: Կոչ անելով քաղաքացիներին՝ վերջինս ասաց. «Էս երկիրը ձեր երկիրն է», ոչ թե երթուղային գծի սեփականատերերինը, ովքեր մեկ խնդիր ունեն՝ չնվազեցնել իրենց շահույթը: «Պառլամենտում նստած պատգավորներից քան՞իսը գիծ ունեն: Ստվերային շրջանառությունն այս ոլորտում հավասար է պաշտոնական թվերին»,- նշեց Բ. Ասատրյանը, ապա մեջբերով պաշտոնական հիմնավորումն այն մասին, թե ինչու է թանկացել տրանսպորտի գինը ընդգծեց. «Հեգնանք կա թղթերի մեջ, որը իրականություն են ցանկացել դարձնել: Երիտասարդները հիմա ակցիաներ են անում, պայքարում են: Բայց թաղային հեղինակությունները գալիս հակադարձում են, իրենք էլ գառնուկային միամտությամբ հեռանում են: Այս հիմնավորումն ուղղակի աբսուրդ է: Սա կեղծարարություն է: Մեզ մի հատ թղթի կտոր են քցել… ամոթ էլ ա: Դուք հաշվարկներ երբևէ տեսե՞լ եք: Դե մի երեքով նստել են սեղանի շուրջ, մի բաժակ էլ խմել են, հավանաբար, ու ասել էլ , լավ, սենց անենք»: