Բաժիններ՝

Իրաքում մահապարտ-ահաբեկիչը հարձակվել է զինվորական ավտոշարասյան վրա. կա 25 զոհ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Իրաքի հյուսիսում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել է 25 մարդ: Մահապարտ-ահաբեկիչը Մոսուլ քաղաքում հարձակվել է զինվորական ավտոշարասյան վրա:

Զոհվածների մեծ մասն իրաքցի զինծառայողներ են: Քաղաքացիական բնակչության թվում նույնպես կան զոհեր: Հուլիսի 20-ին էլ Իրաքում իրականացված մի շարք ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել էր առնվազն 65 մարդ: Բացի այդ, վիրավորվել էր 190 մարդ:

Բաղդադի մի շարք շրջաններում, որոնք գերազանցապես բնակեցված են շիաներով, պայթեցվել էին մի քանի ավտոմեքենաներ, որոնք լեցուն են եղել պայթուցիկով: Եվս մեկ պայթյուն գրանցվել էր Բաղդադից 20 կիլոմետր դեպի հարավ ընկած Մադաին արվարձանում:

Զինյալների կողմից հարձակման են ենթարկվել Բաղդադի մերձակայքում գտնվող բանտային երկու համալիր: Այդ հարձակման հետևանքով զոհվել է 12 ոստիկան: Եվս 40 մարդ վիրավորվել է: Զինյալների հարձակումը հետ է մղվել օգնության հասած բանակային ստորաբաժանումների կողմից, որոնց աջակցել են մարտական ուղղաթիռներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս