Բաժիններ՝

«Մենք այսօր շատ լուրջ խնդիրներ ունենք, և նոր խնդիրներ եկեղեցու ներսում մեզ պետք չեն». Հովակիմ Սրբազան Մանուկյան

«Մենք այսօր շատ լուրջ խնդիրներ ունենք, և նոր խնդիրներ եկեղեցու ներսում մեզ պետք չեն: Չգիտեմ, թե ովքեր են դրանք հրահրողները, բայց կարծում եմ, որ անարդյունք. դրանք մարելու են»,- Galatv.am-ի հետ զրույցում, գնահատելով եկեղեցու ներսում առկա խմորումները, անհաշտությունները, ասել է Արթիկի թեմի առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Ներկայացնում ենք նրա հարցազրույցը ԳԱԼԱ-ին ամբողջությամբ:

-Որպես հոգևոր սպասավոր, Սրբազան, ո՞րն է Ձեր ընդհանուր գնահատականը եկեղեցու ներսում ստեղծված անհաշտություններին: Քաղաքական ներկա դրության, սոցիալ-տնտեսական լարված վիճակին և թանկացումների այս ֆոնին պայքար եկեղեցում կամ եկեղեցականների միջև… չե՞ք գտնում, որ այդ խմորումները կհիասթափեցնեն հավատացյալին, կմղեն հեռու հայ եկեղեցուց և եկեղեցականից:

-Միանշանակ Դուք ճիշտ եք, որ ներկա լարված իրավիճակում մեզ նման զարգացումներ պետք չեն: Եվ ցավալի է, որ նման զարգացումները առիթ են տալիս տարատեսակ մեկնաբանությունների` եկեղեցու և հոգևոր սպասավորների մասին: Իրոք, մենք այսօր ավելի լուրջ խնդիրներ ունենք, քան սա է:

-Շատերը գնահատում են, որ եկեղեցու ներսում կա կլանային կամ խմբավորումային պայքար: Ավելի կոնկրետ գնահատում են, որ կա պայքար Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն. արքեպիսկոպոս Կճոյանի միջև և որ այդ պայքարում դեր է խաղում նաև Հակոբ քահանայի եղբայրը՝ Սրբազան Արշակ խաչատրյանը: Կա՞ արդյոք նման բան, թե՞ փոքր-ինչ չափազանցված է:

-Ինձ թվում է՝ սա երևակայության գերագույն դրսևորում է: Այս տեսակետն եմ ասում, որովհետև բոլորն էլ իմ բարեկամներն են: Ոմանք ցանկանում են իրենց համար ցանկալին իրականության տեղ մատուցել, բայց, ցավոք, սխալվում են: Թույլ և տկար մտածող մարդը կարող է այդպես կարծել: Ի՞նչ է, Ամենայն Հայոց Կաթողիկոսը միջոց չունի՞ իր առաջնորդի հետ աշխատելու, և պետք է երիտասարդական հավաք կամ ցույց կազմակերպվի՞: Ինձանից սկսած, վերջացրած որևէ հոգևոր սպասավորով՝ մենք բոլորս զինվոր ենք Հայ Եկեղեցում, և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցանկացած հրահանգ մեզ համար օրենք է: Եկեղեցին այս առումով նաև զինվորական հաստատություն է, և մեր միաբանությունը զինվորյալ միաբանություն է: Սա դիսցիպլինա է, որին պետք է ենթարկվի որևէ հոգևորական՝ անկախ իր աստիճանից:

-Սրբազան, վերջին շրջանում Ն. արքեպիսկոպոս Կճոյանի անունի շահարկումը միայն հասարակ քաղաքացիների՞ ձեռքի գործն է, թե՞ կա ինչ-որ թաքնված ներքին լարվածություն և պայքար:

-Մի՞թե մենք բոլորս էլ պարզ քաղաքացիներ չենք: Չգիտեմ, թե ովքեր են սրանք հրահրում, բայց տեղին չեն և անարդյունք մարելու են: Նման թույլ տեսակետները հանրությանը մատուցելը միամտություն է: Իմ մոտ կարծիք է ստեղծվում, որ ինչ-որ ուժեր փորձում են Եկեղեցին ավելի ջլատել` պղտոր ջրերում ձուկ որսալ: Հարցի առնչությամբ Արարատյան թեմի մամլո դիվանը համապատասխան հայտարարություն տարածել է: Նաև իր տեսակետն է արտահայտել Տեր Հակոբը: Մնացածն ավելորդ է:

– Այսօր բողոքի ակցիա տեղի ունեցավ Արարատյան թեմի երիտասարդական միության կողմից, դա, իսկապե՞ս կարծում եք, որ ինքնաբուխ էր, թե հրահրված կամ կազմակերպված էր:

-Թեև այս հրապարակումներից հետո կարող էի մի փոքր կասկածել, բայց ինձ թվում է, թե դա ինքնաբուխ է, քանի որ երիտասարդությունը սխալներ գործելու համար է:

-Սրբազան, բողոքի ակցիան, ինչպիսին էլ այն լինի, աննախադեպ էր, նման բան չէր տեսել մեր հասարակությունը, առավել ևս, որ այդ բախումների ժամանակ պատռվեր հոգևոր սպասավորի հագուստ, ո՞րն է այս ամենին Ձեր գնահատականը և կոչը Ձեր հոգևոր եղբայրներին և նաև գործընկերներին:

-Այստեղ խոսքը ոչ թե հոգևորականների, այլ երիտասարդների մասին է` ներառյալ բարեշնորհ Վահրամ սարկավագը: Նրանցից շատերին անձամբ ճանաչում եմ: Նրանք պարզապես պետք է լսեն իրենց առաջնորդին ու հոգևոր հովվին:

-Ինչպե՞ս կբացատրեք Հայ Առաքելական Եկեղեցու լռությունը, ի նկատի ունեմ Էջմիածնի քարտուղարությունը կամ լրատվական ծառայությունը, կաթողիկոսին ներկայացնող անձիք լռում են՝ իրենց երբեմն պահելով իշխանության ներկայացուցիչների պես:

-Հետաքրքրական հարց եք տալիս: Ես այս պահին Էջմիածնում չեմ: Այնտեղ կլինեմ երկուշաբթի և կփորձեմ օգտակար լինել Ձեզ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս