Դեսպանատունը մերժում է Թբիլիսիով մեկնողներին
Վերջին շրջանում մեր շատ քաղաքացիներ գերադասում են արտերկիր մեկնել Թբիլիսիից, քանի որ Վրաստանից բոլոր ուղղություններով ավիատոմսերը զգալիորեն էժան են Երևանից իրականացվող թռիչքների տոմսերից: Սակայն մեր իշխանությունները գտել են նաև այդ երևույթի դեմ պայքարելու ճանապարհը: Իրենց ամառային արձակուրդն Իտալիայում անցկացնելու ցանկություն ունեցող մի քանի քաղաքացի «168 Ժամին» պատմեցին, որ այդ երկրի դեսպանատունը հրաժարվել է շենգենյան մուտքի արտոնագիր տրամադրել. պատճառն, ըստ նրանց, այն է, որ իրենք Իտալիա ցանկացել են մեկնել Վրաստանից:
«Մերժելիս դեսպանատանն ասել են՝ ձեր կառավարությունը հորդորել է վիզա չտալ Թբիլիսիով մեկնողներին»,- մեզ հետ զրույցում պատմեցին մուտքի արտոնագիր չստացած անձինք: «168 Ժամը» մի քանի տուրիստական ընկերություններից հետաքրքրվեց` արդյոք վերջիններս տեղյա՞կ են` կա՞ նման խնդիր, թե՞ ոչ: Տուրիստական գործակալություններից մեկից մեզ տեղեկացրին, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսների համար առաջարկում են ծրագրեր` սկսած 610 հազար դրամից: Գումարը ներառում է մեկ շաբաթ 3-աստղանի հյուրանոցում մնալը, մի քանի էքսկուրսիոն ծրագիր: Տուրիստական այս գործակալությունից մեզ հայտնեցին նաև, որ տոմսի հստակ արժեք չեն կարող ասել. դրանց գները տատանվում են` ըստ օրերի: Որպես տոմսերի մոտավոր գին` տուրիստական այս գործակալությունից մատնանշեցին 550 եվրոյին համարժեք դրամը:
Մեր հարցին ի պատասխան՝ արդյոք շա՞տ են տարբերվում, օրինակ` Երևան-Հռոմ և Թբիլիսի-Հռոմ թռիչքների արժեքները, տուրիստական այս գործակալությունից ասացին, որ գները հաճախ են փոփոխվում, սակայն գների զգալի տարբերություն արձանագրվում է:
Միևնույն ժամանակ, գործակալության աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէ՝ արդյոք կառավարությունը հորդորե՞լ է Վրաստանով մեկնող անձանց անցագիր տրամադրել, թե՞ ոչ, սակայն նշեց. եթե դեսպանատուն ներկայացվի Վրաստանով Իտալիա հասնելու հայտ, ապա մեծ է հավանականությունը, որ դեսպանատունը կմերժի: «Եղել են դեպքեր, երբ Վրաստանով մեկնողներին մերժել են, բայց թե ի՞նչն է պատճառը, չգիտենք»,- մեզ հետ զրույցում ասացին տուրիստական գործակալությունից:
Տուրիստական մեկ այլ գործակալությունից մեզ տեղեկացրին, որ 2 անձի համար փաթեթների գները սկսվում են 2500 եվրոյից: Գինը ներառում է ավիատոմսը, նախաճաշը, փաստաթղթերի թարգմանությունը:
«Դեսպանատունը սկսել է չընդունել Թիֆլիսի բրոնյաներ,- ասաց գործակալության աշխատակցուհին՝ հավելելով,- Երբ որ Թիֆլիսից ամրագրված կամ դուրս գրված տոմս ենք ներկայացնում դեսպանատուն, իրենք այդ մարդուն ոչ վճարունակ են համարում ու վիզա չեն տալիս: Չեն ընդունում ուղղակի»: Միևնույն ժամանակ, տուրիստական գործակալության աշխատակցուհին ասաց, որ Երևան-Հռոմ և Թբիլիսի-Հռոմ ավիատոմսերի արժեքներն իրարից շատ չեն տարբերվում: Տեղեկատվությունը փորձեցինք ճշտել նաև ՀՀ-ում Իտալիայի դեսպանատնից, ինչպես նաև` ՀՀ կառավարությունից:
Դեսպանատան հետ կապ հաստատել չհաջողվեց. անընդհատ միանում էր ինքնապատասխանիչը, որից հետո զանգերին չէին պատասխանում: Իսկ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանը ասաց, որ մեր հարցերին չի կարող պատասխանել, քանի որ արձակուրդում է: Տեղեկատվություն ստանալու համար նա հորդորեց դիմել Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն: Կառավարության կայքում նշված վարչության համարով զանգերին չպատասխանեցին:
Մենք փորձեցինք պարզել նաև Երևան-Հռոմ և Թբիլիսի-Հռոմ ավիատոմսերի արժեքը: E-toms.info կայքի տվյալներով՝ օգոստոսի 3-ին «Աերոֆլոտ» ավիաընկերությունն ունի Երևան-Հռոմ թռիչքը. ըստ նույն աղբյուրի՝ էկոնոմ տեսակի ավիատոմսը երեկ ժամը 18:40-ի դրությամբ արժեր 496.42 ամերիկյան դոլար: Մեկ այլ ավիափոխադրող ընկերության՝ «S7 Airlines»-ի նույն էկոնոմ կարգի ավիատոմսն արժե 589.97 դոլար:
Միևնույն ժամի դրությամբ աղբյուրում ներկայացված տվյալների համաձայն՝ օգոստոսի 2-ին Թբիլիսի-Հռոմ ավիատոմսն արժեր 309.74 ԱՄՆ դոլար: Մեկ այլ՝ «LOT polish airlines» ավիափոխադրող ընկերությունը տոմսն առաջարկում է 418.98 դոլարով:
«168 ԺԱՄ»