Բաժիններ՝

Умом Россию не понять

Պոդոլսկ քաղաքի վթարն ահագին խնդիրներ ի ցույց դրեց: Մարդկային ողբերգությունների բնույթն է դա: Հավանաբար: Վթարը միանգամից դարձավ քննարկումների ու շահարկումների հիմնական թեմա: Թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում: Ռուսական պետական ու մասնավոր հեռուստաալիքների ինտելեկտուալի ու գերպրոֆեսիոնալի համբավ ունեցող լրագրողների առաջին արձագանքը «բառաչի» էր նման (ներողություն եմ խնդրում իրենց իսկ բառապաշարն օգտագործելու համար): Ողբերգության շոկից հետո այն դարձավ քննարկումների կիզակետ:

«Ի՞նչ կարող ես անել` անշնորհակալ Ռուսաստանն է»,- սա էր ամենատարածված կարծիքը: ՌԴ-ում միշտ էլ արհամարհանքով են վերաբերվել ներգաղթող աշխատուժին: Հատկապես Մոսկվայում: 1990-ականների անկումից հետո, երբ Ռուսաստանի տնտեսությունն աշխուժացավ, ներգաղթող էժան աշխատուժը հրապուրիչ էր: Մոսկվայում ճանապարհաշինության ու շինարարության բում էր: Այս ոլորտ ներգրավեց ԽՍՀՄ նախկին հանրապետություններից ներգաղթող որակյալ աշխատուժը: (Բոլորս էլ հիշում ենք, որ այդ տարիներին ասֆալտապատող բանվորի կարգավիճակում Ռուսաստանում հացի փող էր աշխատում ժամանակակից հայ արձակի ամենաշնորհալի դեմքերից մեկը): Հետո մոսկվացիներն իրենց քաղաքի մաքրությունը «վստահեցին» միջինասիական ցածրորակ աշխատուժին:

«Գաստաբայտերների» հանդեպ արհամարհական վերաբերմունքն այդ տարիներին դեռ տանելի էր: Իրավիճակը կտրուկ փոխվեց տնտեսական ճգնաժամի սկզբում: Ռուսական իշխանությունները «վհուկների որս» սկսեցին էմիգրանտների նկատմամբ: ՌԴ հեռուստաընկերությունների ամենասիրելի թեման էմիգրանտների բռնի արտաքսման սյուժեներն էին: Հետո պատկերը կրկին փոխվեց: Միանգամայն հասկանալի պատճառներով մոսկվացիները միջինասիացիներին կրկին թույլատրեցին ավլել իրենց փողոցները: Իսկ ՌԴ կենտրոնական իշխանությունները տարբեր ծրագրերով ԱՊՀ անդամ երկրներից սկսեցին որակյալ աշխատուժ հրապուրել: Հրապուրել ու ուղարկել տնտեսապես թույլ զարգացած շրջաններ: Սա է մեր ռազմավարական հիմնական գործընկեր Ռուսաստանն` իր կիսատոտալիտար, կիսամաֆիոզ, բայց ամբողջովին կոռումպացված կառավարման համակարգով: Օրինակներ գտնելու համար երկար տանջվել պետք չէ: Մի քանի շաբաթ առաջ, երբ ՌԴ ոստիկանությունը խուզարկեց մերձմոսկովյան ճանապարհային ոստիկանության ղեկավարի տունը, պարզվեց, որ նրա տան բոլոր կաթսաները, թասերն ու դարակները փողով են լցված:

Մի քանի օր առաջ ձերբակալեցին Յարոսլավի քաղաքապետին: Երևանից երկու անգամ փոքր քաղաքի ղեկավարը շինարարության թույլատվության համար 4 մլն դոլար կաշառք էր վերցրել: Կաշառակերության ծավալի ու փնթի կառավարման հարցերով ռուսաստանյան չինովնիկները մերոնց հաստատ չեն զիջում: Ճիշտ նույն պատկերն է մարդու նկատմամբ ունեցած վերաբերմունքի պարագային: Թե՛ մեր, թե՛ ռուս չինովնիկների համար մարդու իրավունքները միայն մամլո ասուլիսների ժամանակ արտասանվող տեքստեր են: Ոչինչ ավելին: Հետևաբար` կարելի է նաև չազգայնացնել ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հետ կապված դեպքը: Եթե անգամ հեռուստառեպորտաժները ՌԴ իշխանական շրջանակների պատվերն էր: Ակնհայտ վատ կատարված պատվեր էր: Ռուսական հեռուստաընկերությունները հաջորդ օրերին մեղմեցին իրենց տոնը` փորձելով հուզականի փոխարեն` պրոֆեսիոնալ մակարդակում վերլուծել դեպքը: Այս փաստը հնարավորություն է տալիս ենթադրել, որ առաջիկա օրերին ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը ևս «կխմբագրի» իր, մեղմ ասած, կիսաանտակտ տեքստը, որ տարածեց դեպքի առիթով: Ռուս մեծ պոետն էն գլխից էր ասում` «Խելքով Ռուսաստանին չես հասկանա»:

Մեծ ու փնթի պետություն է, հրահանգները դանդաղ են տեղ հասնում: Հատկապես, որ ողբերգությունը մեզ` հայաստանցիներիս համար շատ ավելի կարևոր բացահայտումներ արեց: Ամենագռեհիկն, իհարկե Հայաստանում Ռուսաստանի շահերը սպասարկող քաղաքական ուժերի ու դրանց լրատվամիջոցների արձագանքն էր: Մյուս կողմից` ողբերգությունը կրկին ապացուցեց, որ մենք բավական անարդյունավետ ենք տնօրինում հանրային միջոցները: Իշխանական մակարդակում, իհարկե: Արտաքին քաղաքականության ու ազգային անվտանգության տողերով պետբյուջեից մոտ 70 մլն դոլարին համարժեք գումար է հատկացված: Բայց չգիտես ինչու` ավտովթարից մեկ-երկու ժամ հետո ռուսական լրատվությանն արդեն հայտնի էր, որ ՀՀ քաղաքացի վարորդն Արցախյան պատերազմի կամավոր է: (Նույնիսկ խոսվում էր հաշմանդամության նպաստի մասին, իսկ այս պարագային ՌԴ ուժային կառույցների հայտնի խալաթային անտակտությունն արդեն այլ իմաստ է ստանում):

Իսկ Արտգործնախարարության անգործունեությունը բոլորիս ապացուցեց, որ ՀՀ քաղաքացին միայն Հայաստանում չէ, որ անպաշտպան է: Մի քանի տարի առաջ Հ1-ը գոնե պարբերաբար ներկայացնում էր ՌԴ-ում մեր դեսպանատան կազմակերպած միջոցառումները: Հիմա նույնիսկ տեղյակ չենք, թե ինչ առիթով են մեր դեսպանատանը շամպայն տրաքացնում` ինչ մասնագիտական հաջողություններ են նշում: Մի քանի տարի է՝ արդեն դեսպան նշանակվելը հասարակությունն ընկալում է` տվյալ անձի պատվավոր աքսոր: Անկախ նշանակման երկրից: Տարբեր հասարակական կազմակերպությունների հայտարարություններն ավելի պրոֆեսիոնալ էին, քան մեր Արտգործնախարարության կեցվածքն ու չինովնիկների պատասխանը: Տարաբախտ վարորդի հետ կապված դեպքն ապացուցեց, որ մենք համայնքի մակարդակում ավելի կազմակերպված ազգ ենք, քան պետության: Սա է ողբերգության մեր բաժինը:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս