Գառնիկ Ավետյան. «Հուսով եմ, որ բոլոր մեղավորներն էլ արժանի պատիժը կստանան»

Մոտ մեկ տարի Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստը: 2012թ. հունիսի 7-ին զինվորական բժիշկ Վահե Ավետյանն իր ընկերների հետ ծեծի էր ենթարկվել, երկու անգամ վիրահատվել, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել: Հարուցված քրեական գործով տուժող Վ.Ավետյանի իրավահաջորդ է ճանաչվել նրա հայրը՝ Գառնիկ Ավետյանը: Վերջինս, սակայն, դատական նիստերին չի մասնակցում: Գ. Ավետյանն այժմ «Վահե Ավետյան» բարեգործական հիմնադրամի տնօրենն է: Նա նշում է, որ միայն որդու մահվանից հետո է իմացել, որ վերջինս զբաղվել է բարեգործությամբ, կնոջ հետ պարբերաբար այցելել է մանկատներ, օգնություն ցուցաբերել: «168 Ժամի» և «Հայկական Ժամանակ» թերթի հետ զրույցում Վ. Ավետյանի հայրը` Գառնիկ Ավետյանը, խոսեց Վահեի բնավորության մասին, ինչպես նաև նշեց՝ ինչո՞ւ չի մասնակցում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով դատական նիստերին:

«168 ԺԱՄ»

– Ե՞րբ եք իմացել, որ Վահեն բարեգործությամբ է զբաղվել կենդանության տարիներին:

– Ճիշտն ասած՝ ես չեմ իմացել: Ես իմացել եմ նրա մահից հետո: Ինձ պատմել են նրա ընկերները: Եկել են, ամեն երեկո նստել ենք, պատմել են, ես տեղյակ չեմ եղել: Տեղյակ չեմ եղել, որ ինքը «կասսա» ունի իր աշխատասենյակում: Տեղյակ չեմ եղել, որ կնոջ հետ իրենք գնացել են մանկատներ, աջակցել: Կինն էլ ինձ չէր ասել: Մահից հետո, երբ բոլորն ասացին, ես նոր իմացա: Իր ընկերներն էլ էին մասնակցում: Իրենց մեջ կար կարգախոս, ով որ մտներ աշխատասենյակ, 100 կամ 1000 դրամ պիտի «կասսայում» թողներ:

– Վահեի բնավորության մասին կպատմե՞ք:

– Վահեն շատ անմիջական անձնավորություն էր: Նա առաջին հերթին` կցանկանար օգնել հենց ցածր խավի մարդկանց, ծառայողներին: Միշտ կաջակցեր: Հիմնականում սկզբից` ցածր խավի երեխաներին, զինվորներին: Նրա հոբբին էր դա: Դա էր նրա սկզբունքը:

– Գրեթե մեկ տարի է՝ ընթանում է գործի դատաքննությունը, սակայն Դուք նիստերին չեք մասնակցում: Ի՞նչն է պատճառը:

– Չեմ մասնակցում, որովհետև ես առողջական խնդիրներ ունեմ, այդ պատճառով չեմ մասնակցում: Ինչ վերաբերում է դատավարությանը, դատավարությունն ընթանում է: Ես հուսով եմ, որ բոլոր մեղավորներն էլ արժանի պատիժը կստանան՝ ըստ օրենքի:

– Կատարված միջադեպից Դուք չեք խոսում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Այդ դեպքից ես հիմա չեմ կարող խոսել: Հիմա դատավարությունն ընթանում է: Ես ի՞նչ խոսեմ: Դատավարությունը նորմալ, իր հունով ընթանում է:

– Մի խումբ ակտիվիստներ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում հուշաքար էին տեղադրել, որով հայտնում էին, որ տարածքում հետագայում տեղադրվելու է Վահե Ավետյանի հուշաքարը: Հետո, սակայն, այն անհետացել էր: Դրա մասին ի՞նչ կասեք:

– Ես տեղյակ չեմ:

– Իսկ տեղյա՞կ եք, որ այնտեղ պատրաստվում են հուշաքար տեղադրել:

– Չէ՛, ես այդ թեմաներովգ Ինձ հետաքրքիր չէ:

– Մի առիթով ասել էիք, որ ցանկանում եք Վահե Ավետյանի որդուն զինվորական հագուստով տեսնել…

– Այո՛: Հիմա էլ հագնվում է: Ես իրեն դիմում եմ՝ շարքայի՛ն Ավետյան: Ինձ պատասխանում է՝ լսում եմ, պարո՛ն գեներալ:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս