Հրաչյա Հարությունյունի հետ կատարվածը թույլ ազդակ է. Ահարոն Ադիբեկյան

Պարբերաբար խոսվում է այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունները ՀՀ քաղաքացի Հրաչ Հարությունյանին դատարան կանացի խալաթով ներկայացնելուց հետո կարող են վատթարանալ: Տեսակետներ կան նաև, որ հասարակության մեջ այս դեպքից հետո հակառուսական տրամադրություններն ավելացել են, և դա կարող է ազդել նաև Եվրասիական միությանը հնարավոր անդամակցության նկատմամբ վերաբերմունքի վրա:

168.am-ը «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանից հետաքրքրվեց, թե ողբերգական այս միջադեպը կարո՞ղ է միջպետական հարաբերությունների վատթարացման առիթ դառնալ:

Ի պատասխան՝ Ահարոն Ադիբեկյանն ասաց. «Չեմ կարծում: Սա բավական թույլ ազդակ է, որ կարողանա բացասաբար ազդել: Նման միջադեպերն ազդել չեն կարող պետությունների հարաբերությունների վրա: Այդ հարաբերությունները մի քանի դար են տևում ու, կարծում եմ, կան հեռանկարներ դրանց պահպանման համար: Իսկ սա մի փոքր դրվագ է` անկախ նրանից` քանի հոգի են մահացել»: Ահարոն Ադիբեկյանը հիշեցրեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանին 1 մլրդ դոլարի զենք վաճառելու փաստն ու շեշտեց, որ այն լուրջ գործոն էր միջպետական հարաբերությունների, բայց բացասաբար չազդեց հայ-ռուսական հարաբերությունների վրա:  «Հիմա ինչ-որ տաքգլուխներ ելույթ են ունենում… մեկն ասում է՝ թող ՌԴ-ից չառնի, մեկն ասում է՝ ի՞նչ տարբերություն` մեկ ա առնելու են»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, թե միջպետական հարաբերությունների վրա գուցե չի ազդում, բայց հասարակության մեջ հակառուսական տրամադրությունն ավելանում է, սոցիոլոգն արձագանքեց. «Հանրային կարծիքը վատ հիշողություն ունի: Ինչ աղմուկ բարձրացավ որոշ ժամանակ, հիշո՞ւմ եք, բայց հիմա բացեք-տեսեք՝ Կարապետիչի մասին մի խոսք կա՞ թերթերում, թե՞ չկա: Բոլորը վրդովված էին՝ սենց ա, նենց ա… հանրային կարծիքը սկլերոզ ունի»: Ըստ նրա` հասարակությունը մոռանում է նման միջադեպերն ընդմիշտ, ըստ այդմ` դրանք հետագայի վրա ազդեցություն ունենալ չեն կարող: Այլ խնդիր է, որ սոցիոլոգի հավաստմամբ, այդ միջադեպն ունենա շարունակություն. «Զենքի վաճառքը շարունակվելու է, չի կարող կանգ առնել: Ու այս դեպքն անընդհատ պղտորելու է մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Դա լուրջ գործոն է, իսկ Հրաչյա Հարությունյանի հետ կապված միջադեպը լուրջ գործոն չէ: Մի որոշ ժամանակ հետո սա կմոռացվի` մի քիչ սպասեք, ու ամեն ինչ կընկնի իր հունի մեջ: Նման դեպքեր եղել են, բայց ազգությունը չի նշվել: Պարզապես հիմա մոդայիկ է դարձել ազգություն նշելը: Ասում են` ուզբեկ, տաջիկ, ու տպավորություն ստեղծում, որ բոլորը ազգերը ռուսների նկատմամբ խռովություն են բարձրացնում: Բայց իրականում սա այդպես չէ: Տասնյակ-հազարավոր դեպքեր են լինում, տասնյակ մարդիկ են զոհվում… ընդհանուր վիճակագրության մեջ սա մի փոքր դրվագ է»:

Տեսանյութեր

Լրահոս