Ադրբեջանում ստեղծվել է ընդդիմադիր կուսակցությունների նոր դաշինք
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ստեղծվել է քաղաքական կուսակցությունների նոր դաշինք՝ Միացյալ ժողովրդավարական ուժեր (ՄԺՈՒ), որի մեջ մտել է քաղաքական 7 կուսակցություն:
ՄԺՈՒ-ն հայտարարել է, որ աջակցում է ավելի վաղ ստեղծված Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդին (ԺՈՒԱԽ) և մտադիր է նպաստել առաջիկա հոկտեմբերին նախագահական ընտրությունների ժողովրդավարական անցկացման և խաղաղ իշխանափոխության ապահովմանը:
ՄԺՈՒ-ն հայտարարել է, որ հետապնդում է նույն նպատակները, ինչ՝ ԺՈՒԱԽ-ը. ազատ և արդար նախագահական ընտրությունների անցկացման, դրանցում ժողովրդավարական ուժերի հաղթելու, երկրում տնտեսական ու քաղաքական բարեփոխումներ անցկացնելու, Ադրբեջանում օրենքի գերակայությամբ իրավական պետություն ստեղծելու, երկրի բնական հարստությունները հանուն ժողովրդին ծառայեցնելու ապահովում:
ՄԺՈՒ-ի ստեղծման մասին որոշումն ընդունվել է դեռևս հուլիսի 7-ին: Նոր դաշինքի մեջ են մտել «Բաց համայնք», «Ադրբեջանի ազգային անկախություն», «Ադրբեջանի ժողովրդական դասական ճակատ», «Լիբերալ», «Մեծ Ադրբեջան», «Ժողովրդական ազատություն» և «Իսլամական-ժողովրդավարական» կուսակցությունները: