Օլեգ Եսայանն ու Գրիգորի Կարասինը քննարկել են Հրաչյա Հարությունյանի հարցը
Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ այսօր ՌԴ ԱԳՆ-ում հանդիպել են Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը: Հանդիպման ժամանակ երկու երկրների ներկայացուցիչները քննարկել են երկկողմանի համագործակցության մի շարք թեմաներ:
Հանդիպման ժամանակ խոսք է գնացել նաև հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում տեղի ունեցած վթարի մասին, որին զոհ էր գնացել 18 մարդ: Եսայանն ու Կարասինը քննարկել են ՀՀ քաղաքացի, «Կամազի» վարորդ Հրաչյա Հարությունյանի ճակատագիրը, որի մասնակցությամբ էլ Պոդոլսկի մոտ տեղի էր ունեցել այդ վթարը:
Եսայանն իր ցավակցություններ է հայտնել տեղի ունեցածի համար: Կարասինն իր հերթին վստահեցրել է, որ տվյալ գործով իրականացվելու է բազմակողմ օբյեկտիվ հետաքննություն՝ մեղադրյալի իրավունքների պահպանմամբ:
Եսայանն ու Կարասինը երկուստեք մտահոգություն են հայտնել տվյալ ողբերգության շահարկման փորձերի կապակցությամբ, որոնց նպատակն ազգամիջյան ատելություն բորբոքելն է: