
Սեմյոնովկա համայնքը պարբերաբար ենթարկվում է գայլերի հարձակման

Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքի խնդիրներին 168.am-ն արդեն բազմիցս անդրադարձել է: Հիշեցնենք, որ 300 բնակիչ ունեցող գյուղը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով զրկված է հողագործությամբ զբաղվելու հնարավորությունից, և բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն է: Թվում է, թե այս առումով խնդիրներ չկան, անասնակերի հարցը կլուծվի, կաթնամթերքը ժամանակին իրացվում է, գյուղացին նորմալ վճարվում է, սակայն Սեմյոնովկա համայնքի ղեկավարի հետ ունեցած մեր հեռախոսազրույցն այլ պատկեր առանձնացրեց: Համայնքի ղեկավար Դավիթ Մնացականյանի փոխանցմամբ՝ գայլերի հարձակումները դարձել են հաճախակի, և իրենք ոչինչ չեն կարողանում ձեռնարկել:
«Գյուղը որսորդ չունի, անցած տարի կանչեցինք, եկան մի 2 հատ գայլ խփեցին, գնացին, բայց խնդիրը չլուծվեց, մեզ շատ են վնասներ պատճառում…»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հատկապես հիմա, երբ գնալով մոտենում են աշնան ամիսները, գյուղացիներն ահ ու սարսափով են սպասում, որ գայլերը դարձյալ կլցվեն գյուղ: «Գոնե եթե գյուղում լուսավորություն լինի՝ կարծում եմ, քիչ թե շատ կպակասեն գիշատիչները, բայց մեր գյուղը բարձր ու ցուրտ գյուղ ա, սնունդ հայթայթելու համար լցվում են մեր գյուղ»,- ասաց Դ. Մնացականյանը՝ ավելացնելով, որ սա գյուղի թիվ մեկ խնդիրն է, որը լուծում է պահանջում, իսկ թե որն է լուծումը, գյուղապետը դժվարանում է ասել: