Ադրբեջանը հետագայում նույնպես ընդլայնելու է իր ռազմական հզորությունը. Իլհամ Ալիև
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել 2013 թվականի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը նվիրված կառավարության նիստում.
«Ադրբեջանում անցկացված զորահանդեսը խուճապ և հիստերիա է առաջացրել Հայաստանում: Դա բնական է, քանի որ թշնամին անձամբ տեսավ Ադրբեջանի հզորությունը և ևս մեկ անգամ իմացավ, որ մենք պատրաստ ենք յուրաքանչյուր տարբերակի:
Ձեռքբերված տեխնիկայի օգնությամբ մենք ունակ ենք ոչնչացնել թշնամական յուրաքանչյուր կետ: Ինչպես հայտարարեցի զորահանդեսի ժամանակ, մենք կարող ենք թշնամու հետ խոսել յուրաքանչյուր լեզվով: Քաղաքական ու դիվանագիտական ջանքերի հետ մեկտեղ մեր ռազմական հզորությունը կխաղա առանցքային դեր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
Ադրբեջանի զինված ուժերի կազմավորման 95-ամյակին նվիրված զորահանդեսը հանդիսացել է վերջին տարիներին բանակաշինության ոլորտում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն: Ադրբեջանը հետագայում նույնպես ընդլայնելու է իր ռազմական հզորությունը: Հետագայում նույնպես գնելու ենք ամենաժամանակից տեխնիկա:
Աճում է ռազմական ոլորտում մեզ հետ համագործակցել ցանկացող երկրների քանակը: Մամուլում թվեր են հրապարակվում, որ Ադրբեջանը մի երկրից (Ռուսաստան) գնել է 1 միլիարդ դոլարի զենքի, իսկ մեկ այլ երկրից (Իսրայել)՝ 1.6 միլիարդ դոլարի զենք, սակայն կարող եմ ասել, որ այդ թվերը չեն արտացոլում իրողությունը:
Իրականում մեր ռազմատեխնիկական համագործակցության թվերն առավել մեծ են ներկայացված թվերից, պարզապես մենք չենք հրապարակում այդ թվերը»: