ԲՀԿ-ի պատասխանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կոչին. Հիմա կոչերի, համահայակական հեղափոխությունների ժամանակը չէ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսում հանդես եկավ կոչով՝ Հայաստանում կործանիչ վիճակից դուրս գալու նպատակով մինչև ՀՀ անկախության 22-րդ տարեդարձը համահայկական կլոր-սեղան կազմակերպելու մասին, որին, ըստ նրա՝ պետք է մասնակցեն «պահը գիտակցող» քաղաքական և հասարակական ներկայացուցիչները՝ թե՛ ընդդիմությունից, թե՛ իշխանությունից։

168.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ ԲՀԿ-ն կմիանա՞ Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական կոչին: Ի պատասխան Ն. Զոհրաբյանն ասաց, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բազմիցս ասել է, որ ոչ թե հայտարությունների կամ կոչերի, այլ՝ կոնկրետ գործերի կողմնակից է:

«Ցանկացած ռացիոնալ առաջարկ՝ որ քաղաքական ուժի կողմից էլ այն լինի, մեր կողմից կքննարկվի՝ մենք պատրաստ ենք քննարկել: Իմ կարծիքով՝ հիմա կոչերի, համահայակական հեղափոխությունների ժամանակը չէ, այլ՝ կոնկրետ գործ անելու ժամանակն է, որովհետև երկիրը գտնվում է ծանրագույն սոցիալական վիճակում: ՀՀ քաղաքացու վիճակն իրապես ծայրահեղ վատ է: Այս խնդիրը կոչերով, կլոր-սեղաններով, միտինգներով, հայտարարություններով, մեմոռանդումներով լուծվող խնդիր չէ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ պետք է փորձել համադրել յուրաքանչյուր քաղաքական ուժի առաջարկը՝ անկախ նրանից, թե ո՞ր ճամբարից կլինի քաղաքական տվյալ ուժը:

Մեր հարցին, թե քանի որ ԲՀԿ-ն այսքան ժամանակ չի արձագանքել Րաֆֆի Հովհաննիսյանի կոչերին, այդ դեպքում ինչպիսի՞ քայլ է ակնկալում նրանից դրական պատասխան տալու համար, Նաիրա Զոհրաբյանը կրկնեց. «Վիճակն այնպիսին է, որ կոչերով, կլոր սեղաններով, սեմինարներով, կոնֆերանսներով, երկար-բարակ զրույցներով խնդիրը չի լուծվի: Յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է հստակ մշակի իր օրակարգը, ցույց տա, թե որ խնդիրներն է համարում առաջնային, ներկայացնի քաղաքական օրակարգը: Այս պարագայում կոչերի, համատեղ սեղանների, համազգային փրկության սեղանների անհրաժեշտություն չի լինի՝ կլինի կոնկրետ գործողությունների ժամանակը»: Ըստ նրա՝ տեսլականներ քննարկելու ժամանակն անցել է: Իսկ կոչերով, միտինգներով, հավաքներով, որոնք տարաբնույթ անուններ կունենան, հարցեր չեն լուծի:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս