Բաժիններ՝

Երեք շաբաթվա ընթացքում կանխվել է Եգիպտոսի պաշտպանության նախարարի դեմ ուղղված երկու մահափորձ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի անվտանգության ուժերը վերջին երեք շաբաթվա ընթացքում կանխել են պաշտպանության նախարար Աբդելֆաթթահ աս-Սիսիի դեմ երկու մահափորձ:

Ուժային կառույցներում առկա բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ այդ մահափորձերը պլանավորել էին ծայրահեղականները, որոնց աջակցել և հովանավորել են «Մուսուլման եղբայրներ» շարժումը:

Վերջիններս նպատակադրվել են նախագահի աթոռին վերադարձնել իսլամիստ Մոհամմեդ Մուրսիին: Առաջին մահափորձը պլանավորվել էր Հյուսիսային Սինայի մայրաքաղաք Էլ-Արիշի օդանավակայանի հարևանությամբ մեկ շաբաթ առաջ:

Զինյալները տեղեկատվություն են ստացել, որ նախարարը ժամանելու է Էլ-Արիշ՝ քննարկելու համար տարածաշրջանի անվտանգության իրավիճակը: Ծայրահեղականներն օդանավակայանի հարևանությամբ դարան են մտնում և հարձակվում են անցակետի վրա, սակայն աս-Սիսիի ժամանման լուրը չի հաստատվում, իսկ զինյալները ոչնչացվում են:

Երկրորդ մահափորձը պետք է իրականացվեր 4 օր առաջ Կահիրեում գտնվող «Ալ Իթթիհադիա» նախագահական պալատի հարևանությամբ, ուր կանոնավոր այցելում էր աս-Սիսին՝ խորհրդակցություններ անցկացնելու համար Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրի հետ:

Հանրապետական գվարդիայի զինծառայողների հագուստներով ծայրահեղականների խումբը, որն իր տրամադրության տակ է ունեցել շարժական հրթիռային համալիրներ՝ զրահապատ ավտոմեքենաներին հարվածելու համար, գաղտնի ժամանում է Կահիրե:

Սակայն հաջողվում է կանխել նաև այս մահափորձը, քանի որ ուժային կառույցների ներկայացուցիչները նախապես տեղեկատվություն են ստանում պատրաստվող հարձակման մասին և ձերբակալում են ծայրահեղականներին:

Հետաքննության տվյալներով՝ զինված խմբավորումները պլանավորել էին Եգիպտոսի պաշտպանության նախարարին վերացնելուց հետո հարձակումների շարք սկսել զինվորական ու ոստիկանական օբյեկտների, բանտերի վրա, զավթել Կահիրեի հեռուստակենտրոնը և հայտարարել «ժողովրդական օրինականության վերականգնման» մասին:

Դրանից հետո իշխանության պետք է վերադարձվեր գահընկեց արված նախագահ Մոհամմեդ Մուրսին: Ընդ որում, Պաշտպանության նախարարը հանգստությամբ է ընդունել իր դեմ պլանավորված մահափորձերի մասին լուրը, չի փոխել իր այցերի գրաֆիկը և հրաժարվել է ուժեղացնել իր թիկնազորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս