Գալուստ Սահակյանը դժգոհ է ուղեվարձի թանկացումից
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի կարծում, որ տրանսպորտի գնի 50 տոկոս թանկացումը շատ բարձր գին է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը: Ըստ նրա` Հայաստանի տրանսպորտը, մյուս պետությունների հետ համեմատած, «գին էլ չունի»: ՀՀԿ խմբակցության ղեկավարի համոզմամբ, պետք է մտածել ոչ թե տրանսպորտի գնի բարձրացման, այլ` քաղաքացիների վճարողունակության մասին. «Քաղաքացիները պետք է վճարողունակ դառնան: Տրանսպորտը, բնականաբար, գին ունի, ու պետք է ապահովի այն: Դա ամենաչնչին գինն է, որ մի կերպ կկարողանանք մի քանի տարի տրանսպորտային այս պայմանները բարելավենք ու օգտագործենք»:
Մեր հարցին, թե ՀՀ քաղաքացիներն այս պահին 150 դրամ վճարելու հնարավորություն ունե՞ն, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դրա համար էլ կառավարությունը գնում է այն ուղղությամբ, որ աշխատավարձերի հնարավորինս բարձրացում ունենանք: Երբեք ու երբեք առանց աշխատավարձի, որևէ նյութական ապահովության, մարդը չի աշխատի: Նույնն էլ տրասպորտի աշխատողներն են` մարդիկ իրենց գումարները ներդնում են, տրանսպորտ են ստեղծում ու պետք է կարողանան բավարար չափով իրենց խնդիրներն ու ծառայությունները մատուցել այնպես, որ ինչ-որ չափով շահեկան լինի իրենց համար»: ՀՀԿ պատգամավորը նշեց, որ ամենամեծ ցանկությունը, որը կառավարությունն ունի, տրանսպորտի անվճար լինելն է, բայց ամեն ինչ, նրա խոսքով, իր գինն ունի:
«Մենք չենք կարող մարդուն ասել՝ քո հաշվին տրանսպորտ օգտագործի, որ վճարները չբարձրանան: Կառավարությունը մտածում է` առաջիկայում այս խնդիրներն էլ կլուծվեն, աշխատավարձերի բարձրացում տեղի կունենա, որը կմեղմի իրավիճակը»,- նշեց նա: Ինչ վերաբերում է իշխանության հասցեին հնչող մեղադրանքներին, թե իրենք տրանսպորտից չեն օգտվում, դրա համար էլ գին են բարձրացնում, Գ. Սահակյանը նշեց. «Լավ կլինի, որ բոլորն այնպիսին լինեն, որ տրանսպորտից չօգտվեն: Իսկ տրանսպորտից օգտվել-չօգտվելը գնի հետ կապ չունի… օգտվում է ժողովուրդը: Պետք է ժողովրդի համար պայմաններ ստեղծենք: Բայց չենք կարող ժողովրդի մի հատվածի հաշվին, մյուս հատվածի համար պայմաններ ստեղծել: Դրա համար ասում եմ` քայլեր են կատարում, որ թոշակների, աշխատավարձերի բարձրացում լինի»: Մեր հարցին, թե հավատո՞ւմ եք, որ կգա այն օրը, որ քաղաքացիների կենսամակարդակն այնքան բարելավված լինի, որ չօգտվեն տրանսպորտից, նա նշեց. «Ես կարծում եմ, որ հետ պետք է գնանք 2000-ական թվականներ, երբ ոչ ավտոբուս կար, ոչ էլ ճանապարհներ: Քաղաքացիներն էլ ոչնչից չէին օգտվում: Այն, ինչ ցանկություն է` դեռ հնարավորություն չէ»:
Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը և նրա ընտանիքը տնօրինում են Երևանում գործող մի շարք երթուղային տաքսիների «գծեր», և, ըստ ամենայնի, որպես տնտեսվարող՝ նրան այնքան էլ չի գոհացրել, որ ուղեվարձը թանկացել է ընդամենը 50 դրամով: