Մադրիդում բախումներ են գրանցվել ցուցարարների և ոստիկանների միջև
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Մադրիդում անցկացված բողոքի ակցիան, որը շարունակվել է մինչև առավոտ, ավարտվել է ոստիկանության հետ բախումներով:
Ցուցարարները բողոքել են իշխող Ժողովրդական կուսակցության ֆինանսական չարաշահումների և վարչապետ Մարիանո Ռախոյի կողմից «սև գումարներ» ստանալու դեմ:
Ցուցարարները սկզբնական շրջանում բողոքի ակցիա են անցկացրել Մադրիդում գտնվող իշխող կուսակցության շենքի դիմաց՝ հնչեցնելով կոռումպացված կառավարության հրաժարական տալու անհրաժեշտության մասին կարգախոսներ:
Դրանից հետո նրանք ուղևորվել են Մադրիդի պատմական կենտրոն, ուր նրանց ճանապարհը փակել է մի ավտոմեքենա, ինչը հարուցել է ցուցարարների զայրույթը: Գործին միջամտել է ոստիկանությունը՝ կիրառելով մահակներ:
Ի պատասխան՝ ցուցարարները ոստիկանների վրա են նետել շշեր և այլ իրեր: Վիրավորվել է մի քանի մարդ, այդ թվում նաև 7 ոստիկան: