
Ղուկասյանի փեսայի սպանության գործով ամբաստանյալի հայրը դատարանից հիվանդանոց է տեղափոխվել

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, հարազատների պնդմամբ, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա կողմնակիցների կողմից ծեծի ենթարկված Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը այժմ գտնվում է «Գյումրի» բժշկական կենտրոնում: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Սարգսյանը, ով Վարդան Ղուկասյանի փեսայի՝ Կարեն Եսայանի սպանության գործով ամբաստանյալի հայրն է, հիվանդանոց է տեղափոխվել շտապօգնության մեքենայով՝ դատարանից: Բժիշկները փոխանցմամբ՝ նրա մոտ եղել է նախաինստուլտային վիճակ, հիպերտոնիկ կրիզ, լարվածության ստենոկարդիա, աջ ազդրի սալջարդ:
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը հրաժարվել էր պատասխանել ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանի հարցերին և հորդորել էր դատարանին սրանով սահմանափակել իր հարցաքննությունը, հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը և ինքնակամ լքել է դատարանի դահլիճը:
Այնուհետև դատարանի նախասրահում նա տեսել է ամբաստանյալի հորը, որտեղ էլ Սարգսյանի հարազատների պնդմամբ, Ղուկասյանը և նրա կողմնակիցները սկսել են հարվածներ հասցնել նախկին ոստիկանապետին: