Ամերիկացի սենատորն Օբամային կոչ է արել բոյկոտել Սոչիի Օլիմպական խաղերը՝ կապված Սնոուդենի հետ
Ամերիկյան The Hill թերթին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական սենատոր Լինդսի Գրահամն ԱՄՆ-ին կոչ է արել բոյկոտել հաջորդ տարվա փետրվարին Սոչիում կայանալիք Ձմեռային Օլիմպիական խաղերը՝ կապված ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:
Սենատորը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է դիտարկի օլիմպիական խաղերը բոյկոտելու հնարավորությունը, եթե Ռուսաստանն ապաստան տրամադրի Սնոուդենին:
Նրա հետ չի համաձայնվել մեկ այլ հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, ով հայտարարել է, որ իրենք կարող են շատ բաներ անել, եթե Ռուսաստանն ընդունի Սնոուդենին, սակայն պետք չէ բոյկոտել Օլիմպիական խաղերը:
Հիշեցնենք, որ Սնոուդենը երեկ պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությանը՝ իրեն ժամանակավոր ապաստան տրամադրելու խնդրանքով: