«Հիշու՞մ եք տարիներ առաջ, երբ ռուս սպաները մտան Գյումրու շուկա և մի քանի հոգու գնդակահարեցին…»
ՀՀ քաղաքացի, ՌԴ-ում հայտնի վթարի մեջ մեղադրվող ավտովարորդ Հրաչյա Հարությունյանի հետ տեղի ունեցածը հուզել է նաև գյումրեցի փաստաբաններին: Փաստաբանների պալատի անդամ Թամարա Յայլոյանը Galatv.am-ի հետ զրույցում հիշել է նաև, թե ինչպես տարիներ առաջ երիտասարդ մի քանի ռուս սպաներ զենքերը ձեռքերին մտել էին Գյումրիի մթերային շուկա և հենց շուկայում գնդակահարել մի քանի վաճառականի, վիրավորել գնորդների…
«Իսկ նման վերաբերմունքով խախտվում է անմեղության կանխավարկածը անձի նկատմամբ, դատաքննությունն է պարզելու՝ ինքը հանցագո՞րծ է, թե՞ ոչ: Ամեն դեպքում, եթե դատարանը պարզի էլ անգամ, որ նա հանցագործ է, սա դիտավորյալ հանցագործություն չէ, և նույնիսկ դիտավորյալ սպանության դեպքում տվյալ երկրի իշխանությունների պարտավորությունն է իր երկրի քաղաքացիների և այդ երկրում գտնվող մարդկանց, ամբաստանյալների պատիվը, արժանապատվությունը պաշտպանել, առավել ևս՝ նրա անվտանգությունը պետք է ապահովեն… Այդ վերաբերմունքը նրա նկատմամբ նաև եվրոպական կոնվենցիայի երրորդ հոդվածի խախտում է իր հետ բերում, դա նշանակում է, որ ոչ մեկը չպետք է անմարդկային և վատ վերաբերմունքի արժանանալ: Ես շատ լավ հիշում եմ, որ տարիներ առաջ երիտասարդ ռուս սպաները զենքերը ձեռքերին քանի հոգու էին սպանել Գյումրու շուկա՝ Լաչինի միջանցք կոչվող հատվածում, այդ ժամանակ ես իրենցից մեկի փաստաբանն էի… Ոչ ոք ոչ մի նման վարք չդրսևորեց, այն դեպքում, երբ էլի մի քանի հոգի էին մահացել, շատերը վիրավորվել էին, իսկ հարգարժան սպաները այդ ժամանակ դիտավորյալ սպանություն էին գործել, հիմա էս ինչ մի բան են սարքել»:
Թամարա Յայլոյանն ասել է նաև, որ ներկայում էլ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ավտովթարի գործ Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիների մասնակցությամբ, նրանք դարձյալ մեղադրվում են ավտովթար առաջանալու համար, ինչի հետևանքով զոհ և վիրավորներ են եղել:
«Թուրքիա գնացող երկու ավտոբուսներ բախվել էին, ինչի հետևանքով ՀՀ մեկ քաղաքացի զոհվել, իսկ մի քանիսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել: Այսօր մեղադրյալի աթոռին այլ երկրի քաղաքացիներ են, և հրավիրում ենք, կարող են գալ դատական նիստին բոլորը, տեսնել, թե ինչպես են վերաբերվում նրանց Շիրակի մարզի դատարանում: Բոլոր տեսագրությունները կան, ես առաջարկում եմ նույնիսկ դրանք հրապարակեն, որ տեսնեն մեր հարևան-բարեկամ երկրում, թե Հայաստանում Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիների հետ, որոնք նույն բանի համար են մեղադրվում, ինչ Հրաչյա Հարությունյանը, ինչ կերպ են վարվում: Մեր կողմից պաշտպաններ են տրամադրվել, թարգմանիչներ, ես հանդիսանում եմ տուժողի իրավահաջորդ, մահացածի դստեր ներկայացուցիչն եմ»,- ասել է փաստաբանը:
Galatv.am, Քրիստինա Մկրտչյան