«Իշխանությունը պետք է տեր կանգնի Հրաչյա Հարությունյանին՝ որպես իր իսկական հարազատի»
1in.am կայքը գրում է. «Հուլիսի 13-ին Պոդոլսկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի (զոհվել է 18, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել՝ 60 մարդ) մեջ մեղադրվող Երևանի բնակիչ Հրաչյա Հարությունյանի՝ հիվանդանոցից դատարան կնոջ ծաղկավոր խալաթով ներկայանալը երկու օր է՝ ցնցել է ողջ համացանցը:
Հանրային մեծ ճնշման արդյունքում կատարվածին ի վերջո արձագանքեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ով դիմեց ՌԴ ՄԻՊ Վլադիմիր Լուկինին՝ խնդրելով պարզել ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հանդեպ ստորացուցիչ վերաբերմունքի և նման տեսքով ՌԴ դատարան ներկայացնելու պատճառը։
ՀՀ ԱԳՆ-ը նույնպես արձագանքեց, սակայն ֆորմալ արձագանքների մյուս՝ բովանդակային կողմում Հարությունյանի ընտանիքն է, որ ապրում է Շենգավիթ համայնքում՝ սոցիալական ծանր պայմաններում:
Երեք ամիս առաջ, այդպես էլ Հայաստանում որևէ աշխատանք չգտնելով, Հրաչյա Հարությունյանը մեկնել է ՌԴ՝ դեռ մահվան մեկ տարին չլրացած որդու՝ Սերոբի շիրմաքարի գումարն աշխատելու համար:
Հրաչյա Հարությունյանը 92-94 թթ. կամավոր մասնակցել է Արցախյան հերոսամարտին։ Ինչպես բնորոշում են հարազատները, «մինչև հիմա միայն կյանք էր փրկում, նա ոչ մի դեպքում չի կարող կյանք խլել»:
Հրաչ Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը, պատմում է, որ հուլիսի 10-ին է փեսայի հետ հեռախոսազրույց ունեցել, Հրաչյան ասել է, որ գործերը լավ են, աներոջն առաջարկել է գնալ իր մոտ, քանի որ այնտեղ լավ էլեկտրամոնտաժային աշխատանք կա: Սա եղել է վերջին զրույցը: Հուլիսի 13-ի առավոտյան զանգահարել է, դստեր՝ Լիլիթի հետ խոսել, իմացել, որ քաղաքից դուրս է ուզում գնալ ընտանիքը, խոստացել է զանգել ու այդպես էլ չի զանգել, որից հետո անհասանելի է եղել: Եվ միայն երեկոյան են իմացել կատարվածի մասին:
«Հրաչը մեղավոր չէ. ասում եմ ոչ թե նրա համար, որ իմ փեսան է, այլ մարդկային տեսակետից դիտարկելով: Ինքն իր կյանքը վտանգելով, իմանալով որ կարող է մահանա՝ մեքենան շուռ է տվել, որ ավտոբուսի մեջտեղը չխփի, ռուս կոչեցյալները չեն հասկանում՝ ինքն ինչ դեր է կատարել։ Այսօր HTB-ն էի լսում, մեկն ասաց, որ նա հերոսություն է արել… նրա արգելակները չի պահել, ավտոբուսը դեմը կտրել է, ստիպված տեսնելով, որ ուրիշ տարբերակ չկա, մեքենան շուռ է տվել, չիմանալով՝ ինքը կենդանի կմնա, թե չի մնա»,- ասել է Հրաչյայի աները»:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում: