Բաժիններ՝

«Իշխանությունը պետք է մտածի, որ ռուսը ոտքն իր դեմքին է դրել, ոչ թե ախպորս». Հրաչյա Հարությունյանի հարազատները մասնակցեցին բողոքի ակցիային (տեսանյութ)

Այսօր Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ՝ ի պաշտպանություն Մոսկվայում կալանավորված ՀՀ քաղաքացի, վարորդ Հրաչյա Հարությունյանի կազմակերպված բողոքի ակցիային մասնակցեցին նաև Հ. Հարությունյանի հարազատները. հայրը՝ Հովսեփ Հարությունյանը, եղբայրը՝ Հայկ Հարությունյանն ու քույրը՝ Սեդան:

«Հրաչն արել է հնարավորը, նա մեքենայից չի թռել, նա մինչև վերջ պայքարել է, որ մեքենան հնարավորինս պահի, ես համոզված եմ ասում` սա եղել է 100 տոկոսով մեքենայի անսարքության պատճառով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի եղբայրը:

Իսկ քույրը` Սեդա Հարությունյանը, հիշեցրեց, որ Հրաչյա Հարությունյանը արցախյան ազատամարտի մասնակից է և վիրավորվել է Լեռնային Ղարաբաղում` ստանալով կոնտուզիա, հիշեցրեց, որ նա պայքարել է Հայաստանի ու Արցախի քաղաքացու ազատության համար: Սեդա Հարությունյանը հույս հայտնեց, որ դատարանում հաշվի կառնվի այն հանգամանքը, որ դատարանը, հաշվի առնելով նրա առողջական վիճակը և մյուս հանգամանքները, կարդարացնի Հրաչյա Հարությունյանին կամ գոնե կմեղմացնի պատիժը:

«Ես հույս ունեմ` գոնե կռված մարդ է, երեխա կորցրած մարդ է… գոնե թող մի քիչ ընդառաջեն»,- ասաց նա:

Կարդացեք նաև

«Ես դեմ չեմ, թող քննությունը գնա` ինչպես հարկն է, ոչ թե մարդու իրավունքները տրորելով… տեռորիստին բերեն դատարան` կոստյում-շալվարով, կոկիկ հագնված, իսկ դժբախտ պատահարի… բերեն կանացի խալաթով, չգիտեմ` ինչ քստիկներով, դա ճի՞շտ է, դա մարդու իրավունքների ոտնահարում չէ՞: Որ նայում ես կադրում, նրա հոգեկան վիճակը նորմալ չէ,- ասաց Հայկ Հարությունյանը` ավելացնելով,- Դա մեր դեմքն է, մեր ազգի դեմքն է, այսօր մեր իշխանությունը պետք է մտածի, որ ռուսը ոտքն իր դեմքին է դրել, ոչ թե ախպորս»:

«Էդքանից հետո էրեխեն բանակում մահացել ա, գնացել ա, որ էրեխու քարի համար գումար աշխատի, որ բերի: Ո՞վ կուզի, որ 4 ամսվա մեջ սենց փորձանք լինի, որ մեկն իր պատճառով վնասվի, ինքը երեխա է կորցրել, ինքը կուզե՞ր, որ ինչ-որ մեկի մազը ծռվի»,- լացակումաց նշեց քույրը:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել հունիսի 13-ին Մոսկվայի շրջանում տեղի ունեցած ավտովթարի և դրա հետևանքով 18 հոգու մահվան կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս