Գյումրեցի երիտասարդների բողոքը՝ ի պաշտպանություն հայ վարորդի
asparez.am-ի փոխանցմամբ՝ հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով ռուսական դատարան բերելու եւ դրանով հայ քաղաքացու հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու փաստին այսօր արձագանքել էին գյումրեցի երիտասարդները, ովքեր հավաքվել էին Գյումրիում գտնվող Ռուսաստանի հյուպատոսարանի դիմաց եւ ցանկանում էին հանդիպել ՌԴ հյուպատոս Վասիլի Կորչմարին: Երիտասարդները ցանկանում էին անձամբ հանդիպել հյուպատոսին եւ փոխանցել իրենց դժգոհությունն ու «Արմենիա» գրությամբ հայկական զինանշանով շապիկը:
«Քանի որ Ռուսաստանը չի կարող մի շապիկ ապահովել բանտարկյալի համար, մենք Հայաստանից հյուպատոսի միջոցով փորձում ենք այն փոխանցել ռուսական կառավարությանը»,- իրենց քայլն այսպես բացատրեցին գյումրեցի երիտասարդները :
Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին՝ «Նոր Մոսկվայում»՝ Պոդոլսկ գյուղի մոտակայքում, երբ մանրախճով բեռնված «Կամազ» մակնիշի բեռնատար մեքնենան դուրս է եկել երկրորդական ճանապարհից եւ բախվել Պոդոլսկից Կուրիլովո գնացող ЛиАЗ ավտոբուսին՝ այն բաժանելով երկու մասի: Ավտովթարի արդյունքում զոհվել է 18 մարդ եւ ավելի քան 60-ը վիրավորվել: Դեպքից մեկ օր անց ռուսաստանյան լրատվամիջոցները ակտիվորեն համացանցում սկսեցին տարածել տեսանյութ ու նկարներ, որոնցում պարզորոշ երեւում էր, թե ինչպես վթարի մեղավոր, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին ստորացուցիչ տեսքով (կանացի գունավոր խալաթով, հիվանդանոցից վաղաժամ դուրս բերված, արհեստական դեղամիջոցներով սթափեցրած եւ առանց սափրվել) նստեցրել էին ամբաստանյալի աթոռին:
– Շատ վիրավորական էր ինձ համար, երբ տղամարդուն կանացի հագուստով որեւէ տեղ են տանում, էլ չեմ ասում, որ բերել են դատարան,- նշում է քաղաքացիական ակտիվիստ, ակցիայի նախաձեռնող Արսեն Վարդանյանը: – Այս կերպ մենք հաղորդագրություն ենք փոխանցում մեր իշխանություններին, որ շուտափույթ արձագանքեն: Ամբողջ աշխարհում տեղի են ունենում դժբախտ պատահարներ, բայց այս մեկն առանձնահատուկ էր, վերաբերմունքն այլ էր: Հստակ արձագանքների ենք սպասում եւ նաեւ մարդու իրավունքների պաշտպանին ենք կոչ անում: Ժնեւի կոնվենցիան, իմ կարծիքով խախտվել է:
– Իրոք, հանցագործություն է կատարվել եւ նրան թող դատեն՝ համաձայն օրենքի, բայց այն վերաբերմունքը, որին արժանացել է խեղճ հայը, իմ հայրենակիցը, անընդունելի է: Մենք ուզում ենք, որ հյուպատոսը՝ որպես ՌԴ ներկայացուցիչ, մեզ բացատրի, թե ինչ հիմունքներով են այդ կերպ վերաբերվում մեր քաղաքացու հետ: Այդ մարդուն արհեստականորեն կոմայից հանելով բերել դատարան, ստորացնել, նրա երեսին շպրտել իր հայությունը,ոստիկանության ծաղրելը, ուղղակի ստորացուցիչ է- նշում է ակցիայի մասնակից, քաղաքացիական ակտիվիստ Միշա Պողոսյանը եւ ավելացնում, որ փոխանակ իրենց տեղական իշխանություններին առաջնահերթ պատժեն այն բանի համար, որ այդ հատվածում ամեն օր վթարներ են տեղի ունեցենում, Հայաստանի քաղաքացուն են քավության նոխազ ընտրել.«Մենք պահանջում ենք, որ ներողություն խնդրեն պարոն Հարությունյանից՝ բարոյական վիրավորանք հասցնելու համար, իսկ հետո թող բերեն Հայաստան եւ որպես ՀՀ քաղաքացի՝ նրան դատեն, քանի որ օրենքը թույլ է տալիս:
-Մարդը ոչ մանյակ է, ոչ էլ հատուկ մտածված հանցագործություն է կատարել, դեպք է, ողբերգություն է, մենք էլ ենք ցավակցում մահացածների ընտանիքներին, բայց մարդուն խալաթ հագցնել , այն էլ էն մարդուն, որ Արցախում պատերազմում էր, ուղղակի անասունություն է, – իր դժգոհությունն է հայտնում ակցիայի մասնակից Կարեն Պետրոսյանը:- Մեր արտգործ նախարարությունը մինչեւ այժմ հայտարարությամբ հանդես չի եկել, նախ պիտի կոպիտ ու կոշտ քննադատի եւ դատապարտի երեւույթը, պահանջի համապատասխան քայլեր: Վերջին հաշվով հայ տղամարդու մասին է խոսքը, ում կանացի խալաթ են հագցրել: Ովքեր դա արել են, պետք է խստիվ պատժվեն:
Գյումրեցի երիտասարդների պահանջը հյուպատոսին բանավոր փոխանցելուց մոտ կես ժամ հետո հյուպատոսի մամուլի խոսնակ Հեղինե Մելիքյանը եկավ ու հայտարարեց, որ խոսքը քրեական գործի է վերաբերում եւ նրանք ճիշտ հասցեով չեն եկել.«Իսկ եթե ուզում եք ձեր նախաձեռնությամբ հագուստ փոխանցել Հրաչյա Հարությունյանին, կարող եք անել ձեր ընկերների ու բարեկամների միջոցով»:
Մամուլի խոսնակը հեռացավ՝ չպատասխանելով երիտասարդների հարցերին, կառույցից այլեւս ոչ ոք չարձագանքեց: Մոտ մեկ ժամ երիտասարդները համառորեն փորձում էին շապիկը փոխանցել հյուպատոսին ու մի երկու բառ փոխանակել, սակայն հյուպատոսարանի դռներն այդպես էլ չբացվեցին, իսկ հերթապահ մասից էլ չէին զլանում ժամանակ առ ժամանակ հիշեցնել, որ անօրինական են կանգնած այնտեղ եւ ոստիկաններ հրավիրելու սպառնալիքով առաջարկում հավաքվածներին հեռանալ:
-Հյուպատոսի վերաբերմունքն ինձ համար մնաց անհասկանալի: Եթե դուք եկել եք այստեղ, տարածք եք զբաղեցնում, այդ դեպքում ո՞րն է ձեր ֆունկցիան, եթե մենք Հայաստան-Ռուսաստան սուտի բարեկամական հարցերով ամեն անգամ պիտի գնանք, հասնենք Երեւան: Եթե դուք եք այստեղ, դուք պիտի զբաղվեք այդ հարցերով: Ու հետո՝ իրենց արհամարական վերաբերմունքը: Մենք հարցեր ենք տալիս, ինչ-որ բան ենք իրենց հետ քննարկում, իրենք շուռ են գալիս ու արհամարհական գնում են ներս ու մեր կոչերին չեն պատասխանում: Պարզապես ամոթ Ռուսաստանի Դաշնությանը,- ավելացրեց Միշա Պողոսյանը:
-Հայ տղամարդուն կանացի խալաթ հագցնելու քայլն ինձ համար անհասկանալի էր ու անընդունելի: Ամբողջ գիշեր հուզվել եմ այդ դեպքի առիթով: Չգիտեմ ինչ անուն տամ նման արարքին, իսկ հյուպատոսի անըմբռնելի մոտեցումը մեր խնդրին անհասկանալի է,- նշեց Ալվարդ Մինասյանը:
Գյումրեցի երիտասարդները վաղը առավոտյան դարձյալ հավաքվելու են հյուպատոսարանի դիմաց՝ բարձրացնելու իրենց բողոքի ձայնը:
Մարինե Պետրոսյան
Asparez.am
Լուսանկարները՝ ԳԱԼԱ-ի