Լրացավ աստղագետ Տիգրան Մաղաքյանի 60-ամյակը
Հուլիսի 16-ին լրացավ հայ աստղագետ, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատող և փոխտնօրեն, Հայկական աստղագիտական ընկերության փոխնախագահ Տիգրան Մաղաքյանի 60-ամյակը:
Մաղաքյանը ծնվել է 1953թ. Երևանում: 1975-ին ավարտել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետը աստղաֆիզիկա մասնագիտացմամբ և սկսել է աշխատել ԲԱ-ում: 1976-78-ին սովորել է ասպիրանտուրայում և 1979-ին պաշտպանել է թեկնածուական թեզ: 1989-ին դարձել է ավագ գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար: 2001-ին պաշտպանել է դոկտորական թեզ: Նույն թվականից առաջատար գիտաշխատող է, իսկ 2012-ից` ԲԱ փոխտնօրեն:
Մաղաքյանը մոտ 100 գիտական աշխատանք է հրապարակել կարևորագույն աստղագիտական ամսագրերում, որոնք նվիրված են Մեր Գալակտիկայում աստղերի և միգամածությունների ուսումնասիրությանը, այդ թվում` «Անդրադարձնող միգամածությունների միացյալ կատալոգը» 2003թ.: Նրա գիտական հետաքրքրությունների շարքում են Հերբիգ-Հարո օբյեկտները, T Ցուլի տիպի աստղերը, գիսավորաձև միգամածությունները, երիտասարդ աստղերի շիթերը: Նրա նվաճումների թվում կարելի է նշել գիսավորաձև միգամածությունների այսպես կոչված սպեկտրային ասիմետրիայի և տասնյակ Հերբիգ-Հարո օբյեկտների հայտաբերումը և մանրակրկիտ ուսումնասիրությունները:
Մասնակցել է միջազգային մի շարք գիտաժողովների, այդ թվում Եվրոպական համագումարների և Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) գիտաժողովների: Նրա նախաձեռնությամբ նոր միջազգային համագործակցութան ծրագրեր են հաստատվել Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ աստղագետների հետ, որոնք այսօր էլ ակտիվ են ԲԱ-ում: Բազմաթիվ դիտումներ է ունեցել ԲԱ 2.6 մ և Ռուսաստանի Հատուկ աստղադիտարանի 6 մ աստղադիտակներով` ակտիվորեն օգտագործելով աստղագիտական սպեկտրադիտության ժամանակակից եղանակները:
Մաղաքյանի հետաքրքիր և արտասովոր հոբբիներից է նրա մասնակցությունը ՀՀ և ՌԴ զանազան ինտելեկտուալ խաղերի, որտեղ նա բազմաթիվ նվաճումների է հասել` մի քանի անգամ ճանաչվելով լավագույն խաղացողի կոչմանը:
Մաղաքյանը ՄԱՄ, Եվրոպական (ԵԱԸ), Եվրասիական (ԵԱԱԸ) և Հայկական (ՀԱԸ) աստղագիտական ընկերությունների անդամ է: 2001-ից ՀԱԸ փոխնախագահն է, 2002-ից` ԵԱԱԸ Գիտա-տեխնիկական խորհրդի անդամ: Արժանացել է մի շարք դրամաշնորհների: Ընդգրկվել է Հայաստանի առավել արդյունավետ աշխատող գիտնականների ցանկում:
Հայկական աստղագիտական ընկերություն