Կովալենկո Շահգալդյանը դեռևս կարծիք չունի
Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում հուլիսի 14-ին տեղի ունեցած գյուղապետի արտահերթ ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) թեկնածու Արթուր Մուրադյանը: Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների` քվեարկությանը մասնակցած 2798 ընտրողներից Արթուր Մուրադյանի օգտին է քվեարկել 1317 բնակիչ, իսկ Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության անդամ, ինքնառաջադրված Վովա Սահակյանի օգտին` 1241 հոգի: Անկուսակցական երրորդ թեկնածուն` Ալեքսան Ալեքսանյանն էլ ստացել է ձայների նվազագույն քանակը` 178 ձայն: Վովա Սահակյանը երեկ հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել ընտրությունների արդյունքները:
ՀՅԴ անդամի նախընտրական շտաբն ընտրության արդյունքների վերանայման պահանջով արդեն դիմում է ներկայացրել ԿԸՀ: Որքան էլ զարմանալի է, դաշնակցականներն առայժմ ձեռնպահ են մնում Պռոշյանի ընտրությունների մասին գնահատականներ հնչեցնելուց: Թեպետ, դեռ ընտրություններից առաջ էլ Դաշնակցությունը Պռոշյանում պաշտոնապես թեկնածու չէր առաջադրել` իրենց խոսքով` չմեծացնելու Պռոշյանի նախկին գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո առաջացած լարվածությունը:
Հիշեցնենք, որ Պռոշյան համայնքում գյուղապետի արտահերթ ընտրություններ նշանակվեցին Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո: Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է պատկերացնում նորընտիր գյուղապետի ու իր համագործակցությունը, ի՞նչ կարծիք ունի ընտրված Արթուր Մուրադյանի մասին: Ի պատասխան` նա նշեց. «Ես կարծիք դեռևս չունեմ: Իր հետ ծանոթ եմ, բայց լիարժեք կարծիք չունեմ: Կաշխատենք` կերևա»: Այս պահին ոչինչ ասել չեմ կարող: Ինչ վերաբերում է այն լուրերին, թե ՀՀԿ-ական թեկնածուն Պռոշյանում ընտրակաշառք է բաժանել, Կովալենկո Շահգալդյանն ասաց. «Ես Պռոշյանի բնակիչ չեմ, պետք է գնաք Պռոշյան` իմանաք: Ես չեմ կարող ասել: Նման տեղեկատվության, համենայնդեպս, ես չեմ տիրապետում, չեմ էլ կարծում, որ նման բան է եղել»:
Բայց, միաժամանակ, Կոտայքի մարզպետը նշեց, որ գյուղի ընտրություններին, «բնականաբար», հետևել է, որպեսզի դրանք լինեն արդար և օրենքի սահմաններում: Մեր հարցին, թե քանի որ նորընտիր գյուղապետի մասին «կարծիք չունեք»` հնարավո՞ր է հանդիպեք վերջինիս հետ, նա պատասխանեց. «Եկեք ենթադրությունների գիրկը չընկնենք: Ընտրական հանձնաժողովը որոշում կկայացնի` ընտրությունների արդյունքների վերաբերյալ, ընտրված թեկնածուն կսկսի աշխատել ու, բնականաբար, կարծիք կկազմենք: Երբ կախատենք իրար հետ` կարծիք կկազմեմ, այլապես ո՞նց կարող եմ աշխատանքային ունակությունների մասին կարծիք ունենալ»:
«168 ԺԱՄ»