Բաժիններ՝

Ալի Խամենեին նշանակել է Պահապանների խորհրդի անդամներին

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին 4 ֆակիհի (իսլամական աստվածաբան-իրավաբան, ֆիքհի գիտակ) նշանակել է Պահապանների խորհրդի անդամ:

Պահապանների խորհրդում հետագա վեցամյա ժամկետով մնացել են այաթոլլահներ Մուհամմեդ Մոմենը, Մոհամմադ Յադզին և Մահմուդ Հաշեմի Շահրուդին: Իսկ այաթոլլահ Մեհդի Շաբզենդեդարը հանդիսանում է Պահապանների խորհրդի նոր անդամ:

Պահապանների խորհուրդը բաղկացած է 12 անդամից, որոնց կեսին (կրոնական գործիչներ) նշանակում է անմիջապես գերագույն առաջնորդը, իսկ մնացյալին (իրավաբաններ) նշանակում է դատական համակարգը և հավանության է արժանացնում խորհրդարանը:

Իրանի Սահմանադրության համաձայն, Պահապանների խորհրդի առաջադրանքներն են նախագահական, խորհրդարանական ու քաղաքային ընտրություններում թեկնածուների հաստատումը, ինչպես նաև ընտրությունների նկատմամբ դիտարկում անցկացնելը:

Խորհրդարանի ընդունած յուրաքանչյուր օրինագիծ պետք է դիտարկվի և հավանության արժանանա նաև Պահապանների խորհրդի կողմից՝ օրենք դառնալու համար: Պահապանների խորհուրդը կարող է նաև չեղյալ հայտարարել օրենք, եթե այն հակասում է իսլամական օրենքների տառին կամ Սահմանադրությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս