Սնոուդենը պաշտոնապես ժամանակավոր ապաստան է խնդրել Ռուսաստանի իշխանություններից
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պաշտոնական դիմում է գրել իրեն Ռուսաստանում ժամանակավոր ապաստան տրամադրելու մասին:
Այս մասին գործակալությանը հայտնել է Սնոուդենի հետ խորհրդակցություն իրականացրած փաստաբան, Հասարակական պալատի անդամ Անատոլի Կուչերենան:
Վերջինս ընդգծել է, որ քիչ առաջ է ավարտվել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում իր հանդիպումը Սնոուդենի հետ, որի ժամանակ էլ ձևակերպվել է ժամանակավոր ապաստան հատկացնելու մասին պաշտոնական դիմումը:
Կուչերենան հավելել է, որ Սնոուդենն իր ներկայությամբ այդ դիմումը հանձնել է Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցչին:
Սնոուդենը Հոնգկոնգից Մոսկվա է ժամանել հունիսի 23-ին՝ որպես տարանցիկ ուղևոր: Նշվում է, որ նա ունի ԱՄՆ հատուկ ծառայությունների գործելաոճի մասին հազարավոր փաստաթղթեր: