Նվաստացուցիչ պայմաններում կալանված «Կամազի» վարորդը Մոսվա էր մեկնել որդու գերեզմանաքարի համար գումար վաստակելու. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրը ողբերգական դեպք է տեղի ունեցել ՌԴ-ում: Պոդոլսկի մերձակայքում ՀՀ քաղաքացի 46-ամյա Հրաչյա հարությունյանն իր վարած «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ուղևորատար ավտոբուսի. կա 18 զոհ, 42 վիրավոր:
Հրաչյա Հարությունյանին երեկ կալանել են նվաստացուցիչ պայմաններում: Ռուսական ԶԼՄ-ների տեսանյութերում երևում է, թե ինչպես են նրան, ըստ ամենայնի, ուղիղ հիվանդանոցային մահճակալից բերում դատարան՝ խղճուկ տեսքով՝ հագին միայն կանացի ծաղկավոր խալաթ և չստեր:
Ըստ ռուսական ԶԼՄ-ների, դեպքից հետո նա կոմայի մեջ է եղել, իսկ հիմա էլ գտնվում է շոկի մեջ, չնայած որքան էլ զարմանալի է, որևէ լուրջ մարմնական վնասվածք չի ստացել: Համացանցում հայտնվել են վթարի սահմռկեցուցիչ կադրերը, որոնցում երևում է, որ Հարությունյանի վարած շեբենով բեռնավորված ինքնաթափը մեծ արագությամբ մխռճվում է ներքաղաքային ավտոբուսի մեջ:
Հրաչյա Հարությունյանի որդին մեկ տարի առաջ զոհվել է բանակում, և ինչպես եղբայրն է հայտնել, նա ՌԴ մեկնել է արտագնա աշխատանքի, որպեսզի որդու գերեզմանաքարի համար գումար հավաքի:
Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ողբերգական վթարի կապակցությամբ: Մոսկվայում՝ դեպքի առնչությամբ երեկ սուգ էր հայտարարված»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «ՀԺ»-ի այօրվա համարում: