Մինչև 2015 թվականը Թուրքիայում հրատարակվելու է հայ-թուրքական հարաբերությունների մասին ժողովածու
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում հրատարակվելու է հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ աշխատությունների ժողովածու: Այս մասին հայտարարել է Թուրքական պատմագիտական ընկերության (Türk tarih Kurumu) նախագահ Մեհմեթ Մեթին Հյուլագյուն:
Վերջինիս խոսքերով՝ տվյալ ժողովածուում ընդգրկվելու են բազմաթիվ պատմաբանների աշխատություններ (բնօրինակ հոդվածներ): Խոսքը գնում է հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ թե՛ հին, թե՛ ժամանակակից աշխատությունների մասին:
Հյուլագյուն հայտարարել է. «Տվյալ ժողովածուն «լույս կսփռի» պատմական շատ իրադարձությունների, այդ թվում նաև 1915 թվականի իրադարձությունների վրա: Հոդվածների ուղարկման գործընթացը կավարտվի տարեվերջին: Ժողովածուի թողարկման աշխատանքները կտևեն մեկ տարի»:
Հյուլագյուն ժողովածուի թողարկումը կարևոր քայլ է համարել 2015 թվականին լրացող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստվելու շրջանակներում: