
Աբխազիան հերքում է, որ Վանուատուն հետ է վերցրել հանրապետության անկախության ճանաչման որոշումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ խաղաղօվկիանոսյան Վանուատու պետությունը հետ չի վերցրել Աբխազիայի անկախության ճանաչման մասին իր որոշումը:
Այս մասին հայտարարել է Աբխազիայի արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիկբան՝ մեկնաբանելով նախօրեին տարածված այն տեղեկատվությունը, թե Վանուատուն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Վրաստանի հետ: Չիրիկբան ընդգծել է, որ որ իրենք Վանուատուի կառավարությունից որևէ իրազեկում չեն ստացել ճանաչման որոշումը վերացնելու մասին:
Վրաստանի ԱԳՆ-ը երեկ հայտարարել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին Վրաստանի ու Վանուատուի միջև փաստաթուղթը ստորագրվել է հուլիսի 12-ին, Նյու Յորքում: Աբխազիայի իշխանությունները Վանուատուի կողմից հանրապետության անկախությունը ճանաչելու մասին հայտարարել էին 2011 թվականի մայիսին: