
Թուրք սահմանապահները հունիսին ձերբակալել են Սիրիայից ժամանած 12.000 ներգաղթյալի

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը հունիսին ձերբակալել են գրեթե 12.000 մարդու, որոնք փորձել են Սիրիայից ապօրինաբար ներթափանցել Թուրքիա:
Այսպիսի տվյալներ է հրապարակել Թուրքիայի գլխավոր շտաբը: Դրանց համաձայն, սահմանային պարեկները Սիրիայի սահմանի մոտ բռնել են 11.644 ներգաղթյալի, և հունիսի 1-30-ն ընկած ժամանակահատվածում դատական հայցեր են ներկայացրել ընդհանուր առմամբ 15.882 մարդու նկատմամբ:
Ժանդարմերիայի ուժերը կանոնավոր ստուգումներ են իրականացնում Իգդիր, Գազիանթեփ, Մուղլա, Քիլիս, Մարդին, Էդիռնե, Իզմիր, Այդըն, Թեքիրդաղ, Հաթայ և այլ նահանգներում, որոնց ընթացքում ձերբակալել են 2797 մարդու, որոնք փորձել են ապօրինաբար հատել սահմանը: