Բաժիններ՝

1980 թվականին թուրքական գեներալիտետը Հայոց ցեղասպանության իրագործումը որակել է որպես «արդար ու օրինական»

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ թուրքական գեներալիտետը Հայոց ցեղասպանության (իրենց իսկ բնորոշմամբ՝ տեղահանության) իրագործումը որակել է որպես «արդար ու օրինական»:

Այդ մասին նշված է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պատրաստած «Թուրքիայի ներքին սպառնալիքները» խորագրով զեկույցում: «Հույժ գաղտնի» որակված այդ զեկույցը պատրաստվել է 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայում իրականացված զինվորական հեղաշրջումից 3 ամիս առաջ:

Զեկույցի վրա առկա է տվյալ ժամանակ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քենան Էվրենի ստորագրությունը, ով 1980 թվականի զինվորական հեղաշրջման շնորհով 1982 թվականին 7 տարով դարձավ Թուրքիայի նախագահ:

Դրանում ընդգծվում է, որ 1915 թվականին «տեղի չի ունեցել հայերի որևէ ցեղասպանություն», և որ արևելյան նահանգներից հայերի տեղահանությունն իրականացվել է «օրինական հիմքով»:

Զեկույցում հայերը մեղադրվել են 1914-1915 թվականներին «դավաճանության» մեջ, ինչպես նաև նշվել է, որ 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցածը «արդար ու իրավական գործողություն» է.

«1913 թվականին կրկին օրակարգում հայտնվեց Հայկական հարցը: 1914-1915 թվականներին հայկական ջոկատներն արևելյան ճակատում համագործակցել են ռուսների հետ և հարձակվել են թուրքերի ու մուսուլմանների վրա: Նրանց այդ գործողությունները շարունակվել են մինչև 1918 թվականը»:

Զեկույցում հայերի կրած կորուստները գնահատվել են ընդամենը «50-100 մարդ», մինչդեռ թուրքերի կրած կորուստները գնահատվել են «շատ ավելի բարձր»: Զեկույցում նշված է, որ ներկայիս Թուրքիայում բնակվում է ավելի քան 60.000 հայ, որոնցից 45.000-ը՝ Ստամբուլում, իսկ 15.000-ը՝ այսպես կոչված Անատոլիայում:

Զեկույցում «խոչընդոտող» (վտանգավոր) է որակվել Պոլսո Հայոց պատրիարքարանի գործունեությունը: Բացի այդ, նշված է, որ հայերը 1967 թվականից սկսել են երկրի արևելյան շրջաններից գաղթել Ստամբուլ:

Զեկույցում խոսք է գնում նաև հայ-քրդական համագործակցության մասին, որը մեկնարկել է 1979 թվականի սկզբին (ուշագրավ է, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) հիմնադրվել է 1978 թվականին – 168.am):

Զեկույցում անդրադարձ է կատարված նաև հույներին, ասորիներին ու հրեաներին: Նշված է, որ հույները համագործակցում են հայերի հետ՝ վարելով «քայքայիչ ու անջատողական գործողություններ»:

Զեկույցում ուշադրություն էր հրավիրվում երկրի ներսում հրեաների «ծավալած» քայքայիչ գործունեության վրա և ընդգծվում էր, որ մոտ ապագայում նրանք չեն կարող լուրջ սպառնալիք հանդիսանալ: Ասորիների հետ կապված՝ ուշադրություն էր հրավիրվում երկրի հարավ-արևելյան շրջաններում բնակվող մինչև 35.000 ասորիների «քայքայիչ» գործունեության վրա:

Հույները նույնպես տեղ են գտել զեկույցի «Քայքայիչ ու անջատողական գործունեության» բաժնում: Նշված է, որ նրանք նախկինի նման ակտիվ են: Ուշադրություն է հրավիրված հույներին առնչվող պատմական իրողությունների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս