Գերմանացի ներդրողն՝ ընդդեմ Ծառուկյանի. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը կհրապարակվի հուլիսի 26-ին
Այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանն ավարտեց գերմանական «ԻստԻնվեստոր» ՍՊԸ-ի` ընդդեմ Գագիկ Ծառուկյանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի» գործով քննությունը: Որոշումը կհրապարակվի հուլիսի 26-ին:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց «ԻստԻնվեստորի» ներկայացուցիչ Դավիթ Դանիելյանը, դատարանն անհրաժեշտ էր համարել կողմերին լսել և առավելապես՝ գերմանական ընկերության ներկայացուցչին. «Մենք մեր բողոքի հիմնական հիմքերը ներկայացրինք, թեև գրավոր արդեն ներկայացրել էինք, բայց ուրախ ենք, որ կարողացանք ևս մեկ անգամ անել դա»:
Եթե Վերաքննիչ դատարանը չբավարարի «ԻստԻնվեստորի» պահանջը և չբեկանի առաջին ատյանի վճիռը, ապա, ըստ Դ. Դանիելյանի, իրենք դիմելու են վճռաբեկ դատարան:
Հիշեցնենք, որ գերմանական ներդրումային «ԻստԻնվեստոր» ընկերության ղեկավար Ստեֆան Լաքսհուբերն ի սկզբանե վճռական է իր շահերը պաշտպանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
2008 թ. «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ-ում կատարված բաժնետոմսերի համախմբման հետևանքով «ԻստԻնվեստորը» կորցրել է իր բաժնետոմսերը: Նախքան համախմբումը դրանք կազմում էին ընդհանուր կանոնադրական կապիտալի 3.2155 %-ը, յուրաքանչյուր բաժնետոմսը՝ 8 հազար դրամ անվանական արժեքով: