«Նոյան» հյութերի գործարանը ժամանակավորապես դադարեցրել է ծիրանի մթերումը
Ծիրանի աննախադեպ առատ բերքի պայմաններում շարունակվում է մթերման գործընթացը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության հրապարակած օպերատիվ տվյալներով, մթերման սեզոնի կեսին արդեն մթերվել է շուրջ 42,505 տոննա պտուղ-բանջարեղեն (2012-ի նույն ժամանակահատվածի մթերման ցուցանիշը 31,280 տոննա էր):
21 մթերող ընկերություններ այս պահին մթերել են շուրջ 10,108 տոննա ծիրան, մինչդեռ նախորդ տարվա ամբողջական ցուցանիշը 8,854 տոննա էր: Արտահանման ծավալները նույնպես շեշտակի աճել են. անցած ամբողջ տարվա 12,630 տոննայի դիմաց՝ այս պահին արդեն արտահանվել է շուրջ 17,720 տոննա ծիրան:
Հանրապետությունում մթերման գործընթացն ակտիվ շարունակվում է: Օպերատիվ տվյալով՝ «Եվրոթերմ» ՓԲԸ-ն («Նոյան» բնական հյութերի գործարանը), մթերելով ավելի քան 3,500 տոննա ծիրան, ժամանակավորապես դադարեցնում է մթերումը: Փոխարենը՝ մթերման ծավալներն ավելացնում են և շարունակում մթերել Էջմիածնի պահածոների գործարանը (ք. Էջմիածին, Չոբանքյարայի խճուղի 4), Պռոշյանի կոնյակի գործարանը (Արտաշատի մարզ, գ. Այգեստան), «Արտֆուդ» (Արարատի մարզ, ք. Արտաշատ), «Սիս Նատուրալ» (ք. Երևան, Հաղթանակի 1/ 7), «Հայասի գրուպ» (Արգածոտնի մարզ, գ. Ոսկեվազ):