Արդյունաբերության անկումը կարող է բարոյահոգեբանական պատճառ ունենալ
Այս տարի ՀՀ-ում արդյունաբերության աճը կանխատեսվում է 9.3%, 2014թ-ին՝ 9.2%, 2015-ին՝ 9.4%, 2016-ին՝ 9.5%: Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2014-2016 թթ. Միջին ժամկետ ծախսային ծրագրում: Ի հակադրություն կառավարության այս լավատեսության՝ 2013 թ. մայիսին արդյունաբերական արտադրանքի ծավալները, նախորդ տարվա մայիսի նկատմամբ, նվազել են 7.4%-ով: Ընդ որում՝ 11% նվազում տեղի է ունեցել մշակող արդյունաբերության ոլորտում, մինչդեռ հանքարդյունաբերությունն աճել է 12.5%-ով:
168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով արդյունաբերության անկման փաստը՝ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը նշեց, որ պատճառները կարող են տարբեր լինել. «Ըստ ամիսների ավելացում է նկատվում, իսկ տարին տարվա վրա կարող է տարբեր պատճառներ ունենալ՝ գուցե սպառումն է պակասել, դժվար է ասել: Հիմնարար պատճառներ չեն, սեզոնայնության խնդիր է»:
Նրա գնահատականով՝ արդյունաբերության, հատկապես դեղերի արտադրության, անկումը կարող է անգամ բարոյահոգեբանական պատճառ ունենալ: