Մերձավորներով Շուկայի վերահսկողության պետական տեսչությունում. մամուլ
«ՉԻ»-ի հունիսի 28-ի համարում «Դիմումները հետ են վերցրել ու աշխատում են» վերնագրի ներքո զրուցել էինք Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանի հետ, որը պարզաբանել էր, թե ինչու են իր աշխատակիցները դիմումներ գրել, սակայն հետո հետ են վերցրել դիմումները՝ շարունակելով աշխատել:
Այդ զրույցի շրջանակներում Խալիկյանն ասել էր, թե դիմում գրողների թիվը ոչ թե 12-ն է, ինչպես մենք էինք նշել, այլ 9, և նրանք դիմում են գրել, քանի որ աշխատաոճի փոփոխություն է տեղի ունեցել, և ինքը հիմա ավելի խիստ աշխատանքային ռեժիմ է սահմանել, քան նախկինում էր:
«ՉԻ» տեղեկություններով, սակայն, դիմում գրողների թիվը 12-ն է, որոնցից 9-ը գրել է, որ չի ցանկանում աշխատել անհավասարակշիռ մարդու հետ, իսկ գրողներից 3-ը պարզապես առանց մեկնաբանության է աշխատանքի ազատման դիմում գրել:
Մենք նաև Խալիկյանին այսպիսի հարց էինք ուղղել. «Ճի՞շտ է, որ Դուք աշխատանքի եք ընդունում ձեր մերձավորներին»: Վերջինս պատասխանել էր. «Ես 100 տոկոսով ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա: Դուք կարող եք ստուգել և տեսնել, որ իմ ոչ մի ազգական այս տեսչությունում չի աշխատում: Նախ ես, որ եկա այս աշատանքի, այս տեսչությունից մարդիկ չեն ազատվել, որ ես ինչ-որ համալրում իրականցնեմ: Բացարձակ նման բան չկա»:
«ՉԻ»-ին փոխանցեցին, սակայն, որ, այնուամենայնիվ, նման բան կա: Սամվել Մերուժանյանը Խալիկյանի մոր հորեղբոր որդին է, որը տեսչությունում աշխատում է որպես փորձագետ: Ալինա Երանոսյանը Խալիկյանի մոր հորեղբոր աղջիկն է, որը տեսչության չափագիտության բաժնի պետն է: Վահագն Թոփչյանը, որը զբաղեցնում է տեսչության իրավական և փաստաթղթաշրջանառության բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը, Խալիկյանի սանիկն է: Ի դեպ՝ հիշեցնենք, որ Խալիկյանն էլ իր հերթին Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի սանիկն է»:
Շարունակությունը կարող եք կարդալ «ՉԻ» այսօրվա համարում: