Իշխանությունն ընտրեց Լիսկային

Եվ այսպես, այսօր հունիսի 1-ի գորիսյան միջադեպի զոհերից մեկի՝ Ավետիք Բուդաղյանի եղբորը՝ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել): Ա.Բուդաղյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Առանց իրավական մանրամասների մեջ մտնելու՝ այս պահին կարելի է արձանագրել, որ իշխանությունն այս հակամարտության մեջ իրականացրեց «արդարադատություն՝ ըստ Լիսկայի»: Միջադեպի հենց հաջորդ օրը զինդատախազ Գևորգ Կոստանյանը նման դեպքերի համար որևէ կերպ չհիմնավորված արագությամբ ասուլիս հրավիրեց ու առաջ քաշեց «տան վրա հարձակվելու» վարկածը: Զուգահեռաբար՝ այդ վարկածը սկսեց շրջանառության մեջ դրվել Սուրեն Խաչատրյանի մերձավոր շրջապատի կողմից. մինչ այդ արդեն տարածվել էր հայտնի տեսանյութը: Սակայն, ինչպես պարզ դարձավ բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանի հայտարարություններից, այդ տեսանյութը մոնտաժված է, ընդ որում՝ էականորեն և ամբողջական տեսանյութը միանգամայն այլ պատկեր է արտահայտում:

Նկատենք, որ ոչ նախաքննությունն իրականացնող մարմինը, ոչ որևէ այլ ատյան չհերքեց Ալումյանի հայտարարությունները: Այսինքն՝ տեսանյութի չմոնտաժված տարբերակ գոյություն ունի: Ու «զարմանալի զուգադիպությամբ»՝ Ալումյանի հայտարարությունների հաջորդ իսկ օրը մեղադրանք է առաջադրվում Արտակ Բուդաղյանի նկատմամբ:

Այսինքն՝ Խաչատրյան-Բուդաղյաններ հակամարտության մեջ իշխանությունն՝ առանց ձևականությունների, պաշտպանում է Սյունիքի նախկին մարզպետին: Ու կրկին «զարմանալի զուգադիպությամբ»՝ դա տեղի է ունենում նույն այն օրը, երբ Սուրեն Խաչատրյանը հայտարարում է, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հետ խորհրդակցել է նոր մարզպետի նշանակման հարցում, և հենց ինքն է այլ թեկնածուների թվում պաշտպանել Վահե Հակոբյանի թեկնածությունը:

Այլ կերպ ասած, Սուրեն Խաչատրյանն ասում է, որ իր խոսքը որոշիչ է եղել Սյունիքի նոր մարզպետի նշանակման հարցում: Եվ արդեն ամենևին ոչ զարմանալի տրամաբանությամբ՝ մեղադրանք է առաջադրվում Արտակ Բուդաղյանին:

Սա, թերևս, յուրահատուկ մեսիջ է իշխանության անդամներին՝ առ այն, որ, եթե հանգամանքների բերումով որևէ մեկին «պատժելու» անհրաժեշտություն է առաջանում, պետք է ըմբռնումով մոտենալ դրան և համբերել: Իշխանությունը չի զոհաբերում յուրայիններին: Առավելագույնը՝ հեռացնում է պաշտոնից: Ըստ ամենայնի, կարճ ժամանակով:

Տեսանյութեր

Լրահոս