Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել
N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին այսօր մեղադրանք է առաջադրվել:
«Փաստինֆո»-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել):
Կայքի այս տեղեկությունը հաստատել են դատախազությունից` նշելով, որ Ա.Բուդաղյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, 2013թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գորիս քաղաքում, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների հետևանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացել է, իսկ նրա եղբայր, գնդապետ Արտակ Բուդաղյանը և Ս.Խաչատրյանի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը ստացել հրազենային վնասվածքներ։
Դեպքի առթիվ հարուցված քրական գործով նախաքննությունն իրականացնում է ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում, որի շրջանակներում Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 112-րդ և 235-րդ հոդվածնիերի 1-ին մասերով, համապատասխանաբար՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։