Բաժիններ՝

Այսօր կհանդիպեն Գագիկ Ծառուկյանը և Յուրի Վարդանյանը

168.am-ին հայտնի է դարձել,  որ այսօր կարող է տեղի ունենալ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի և Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Եթե այդ հանդիպումն իսկապես կայանա, ապա հնարավոր է՝ վերջ դրվի նրանց միջև արդեն տևական ժամանակ շարունակվող հակամարտությանը, որը սկսվել է Յուրի Վարդանյանին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելուց շատ առաջ, բայց հատկապես մեծ թափ հավաքեց դրանից հետո: Շատերը, հնարավոր է՝ նաև Ծառուկյանը, համոզված էին, որ Յուրի Վարդանյանի նշանակման իմաստը սպորտային աշխարհում Ծառուկյանի ունեցած մենաշնորհի վերացումն է:

Մինչև Յուրի Վարդանյանի նախարար նշանակվելը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության բոլոր ղեկավարները եղել են ԲՀԿ ներկայացուցիչներ և նշանակվել են Ծառուկյանի կողմից, անմիջականորեն ենթարկվելով նրան: Եվ լինելով ՀԱՕԿ նախագահ՝ Ծառուկյանը, ըստ էության, ղեկավարում էր նաև Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, որտեղ հիմնական պաշտոնյաները նրա ենթականերն էին նաև զուտ կուսակցական իմաստով:
Երբ նախարար նշանակվեց Օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը, նախարարության և ՀԱՕԿ-ի միջև համագործակցությունը ոչ միայն դադարեց, այլև Հայաստանի մարզական կյանքը համակարգող այս երկու կառույցների միջև թշնամանքի մթնոլորտ ձևավորվեց: Ծառուկյանի համար, թերևս, անսովոր էր, որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը չպետք է ենթարկվի իրեն: Սկզբում հակամարտությունն արտահայտվեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ Սպորտի նախարարությունում ունեցած աշխատասենյակը վերցնելու՝ նախարար Վարդանյանի նախաձեռնությամբ, և դրա շուրջ բարձրացված աղմուկով, իսկ ապա Սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավար՝ նախկինում ԲՀԿ-ական, այս պահին՝ ֆորմալ առումով ոչ կուսակցական Վահե Էլոյանին աշխատանքից հեռացնելով: Սենյակը մնաց Ծառուկյանին, իսկ Էլոյանը իր իրավունքները խախտված համարելով՝ դիմել է վարչական դատարան՝ դատարանի վճռով աշխատանքի վերականգնվելու համար: Հնարավոր է, որ այս հանդիպման ժամանակ քննարկվեն նաև սենյակի և Էլոյանի հարցերը:
Իհարկե, Վարդանյանը և Ծառուկյանը շատ ավելի կարևոր հարցեր պետք է քննարկեն, քան մեկ սենյակի կամ նախկին աշխատակազմի ղեկավարի հարցը: Բայց ամենակարևոր հարցը, որ կարող է լուծվել այս հանդիպման արդյունքում՝ Վարդանյանի և Ծառուկյանի անձնական հարաբերությունների կարգավորումն է:

Ընդամենը 10 օր հետո Ծաղկաձորում տեղի է ունենալու նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ անցկացվող «Տարվա մարզական ընտանիքը» միջոցառումը, որի եզրափակիչ փուլին մասնակցելու են ինչպես՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը, այնպես էլ՝ ՀԱՕԿ-ի նախագահը: Սովորաբար նախարարը և ՀԱՕԿ նախագահը նստում են նախագահ Սարգսյանի կողքին, և չի կարող այնպես լինել, որ նրանք այս միջոցառմանը մասնակցեն՝ որպես ակնհայտ հակառակորդներ կամ թշնամիներ: Մյուս կողմից՝ Հայաստանի մարզաշխարհի ներկայացուցիչները պետք է հնարավորինս լավ պատրաստվեն հաջորդ տարվա Սոչիի ձմեռային օլիմպիադային, որն անհնար է առանց այս երկու մարզական կառույցների համագործակցության: Իսկ  Հայաստանի հավաքականի անհաջողությունը կարող է խաթարել ինչպես՝ Սպորտի նախարարության, այնպես էլ՝ ՀԱՕԿ-ի հեղինակությունը: Այնպես որ, Յուրի Վարդանյան-Գագիկ Ծառուկյան հաշտեցումն առնվազն սպորտային անհրաժեշտություն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս