Հայաստանը Ասոցացման համաձայնագիրը կստորագրի Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակներում. Զոհրաբ Մնացականյան

Հուլիսի 4-ին Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպական հարևանության քաղաքականության ավագ պաշտոնյաների հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանի ղեկավարած պատվիրակությունը:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, քննարկվել են Արևելյան գործընկերության շրջանակներում տեղ գտած ընթացիկ զարգացումներն ու հեռանկարները, ուղենշվել են նախատեսվող աշխատանքները մինչև Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը:   Իր ելույթում փոխնախարար Մնացականյանը կարևորել է Արևելյան գործընկերության դերը՝ նշելով, որ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ՝ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցային գործընթացը գտնվում է ավարտական փուլում՝ համոզմունք հայտնելով, որ որոշ գործընկեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի պարագայում, համաձայնագրերը կնախաստորագրվեն Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակներում: Փոխնախարարն ընդգծել է համաձայնագրերի հետագա իրականացման համար ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման և դրա համար անհրաժեշտ միջոցների հասանելիության կարևորությունը:   Հանդիպման ընթացքում ԵՄ Ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն անդրադարձել է Ասոցացման համաձայնագրերի, ներառյալ՝ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների նախաստորագրման հեռանկարին, վիզաների դյուրացման, ԵՄ հետ շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում գրանցված առաջընթացին: ԵՄ կողմից կարևորվեց «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքի կիրառումը, ինչն ակնկալում է ավելի շատ միջոցների տրամադրում շատ բարեփոխումներ իրականացնող երկրներին:

Տեսանյութեր

Լրահոս