Բաժիններ՝

Վարդավառը՝ Սիրահարների այգում

Վաղը` հուլիսի 7-ին, Վարդավառի օրվա առիթով Սիրահարների այգում տեղի են ունենալու բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ: Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին «Վարդավառ 2013»-ի կազմակերպիչներ դիզայներ Արա Ասլանյանը և MAROG Marketing-ը:

«Վարդավառի օրը Սիրահարների այգում գործելու են բազմաթիվ կետեր, որոնցից ամեն մեկում տարբեր միջոցառումներ են լինելու: Դրանց նպատակն է՝ վերականգնել ազգային ավանդույթների արդիականությունը և ձևավորել ազգային տոների պահպանման մշակույթ: Սպասվում են ավանդական ու ժամանակակից պարեր, խաղեր: Այցելուները հնարավորություն կունենան մասնակցել ինչպես՝ ավանդական, այնպես էլ՝ ժամանակակից խաղերի: Մենք աշխատում ենք յուրովի մատուցմամբ և պատկերավորմամբ ներկայացնել Վարդավառին բնորոշ հայկական ավանդական խաղերը»,- մեզ հետ զրույցում մանրամասնում է Արան:

Նրա խոսքով` հուլիսի 7-ին Սիրահարների այգում լինելու է նաև Վարդավառի օրվա հետ կապված հյուրասիրություն. «Միջոցառմանը կլինի հյուրասիրություն, որը կտրամադրի «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հ/կ-ն, իսկ մեր կամավորները՝ ինչպես մյուս կետերում, այնպես էլ այստեղ, կպատմեն վարդավառյան ավանդական սեղանի մասին»:

Միջոցառման ընթացքում սպասվում են նաև բանախոսություններ Վարդավառի մասին: Բացի այս ամենից, այգում երաժշտությունն ապահովելու է «Դիջեյների հայկական ասոցիացիան», որը կհամադրի ավանդականը ժամանակակիցի հետ:

«Ամենագլխավորը ֆոտոսեսիաներն են, որոնք մեր տաղանդաշատ տաղանդներն են անելու` Առնոս Մարտիրոսյան, Վահան Ստեփանյան, Դավիթ Գալստյան, Արմեն Աղայան ու Արտաշես Մարտիրոսյան: Իրենք ղեկավարներն են լինելու, իսկ ընթացքում նաև նկարելու են հայտնի մարդիկ, այդ թվում` Գոռ Սուջյանը, Նուռը, Էմմին, Դեր Հովան, Հասմիկ Կարապետյանը, Միշոն, Սերժոն և այլք: Ֆոտոները նկարելուց անմիջապես հետո համացանցում են տեղադրվելու»,- հավելեց Արա Ասլանյանը:

Դե ինչ, հետաքրքրե՞ցին Ձեզ սպասվելիք միջոցառումները: Եթե՝ այո, հուլիսի 7-ին Սիրահարների այգում կհանդիպենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս