Ռուսաստանն ու Իրանը համատեղ ռազմածովային վարժանքներ են անցկացնելու Կասպից ծովում
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` այս տարի Ռուսաստանի ու Իրանի զինված ուժերը համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնելու Կասպից ծովում: Նախորդ շաբաթ իրանական նավատորմիկը ժամանել էր Աստրախան` Ռուսաստանի Կասպյան նավատորմի բազավորման կետ:
Իսկ օրեր առաջ Կասպյան նավատորմի հրամանատար Նիկոլայ Յակուբովսկին հայտարարեց, որ նավահանգիստներ մուտք գործելն ու Կասպյան նավատորմների ուժերով համատեղ զորավարժությունները պլանավորված են այս տարվա երկրորդ կեսին:
Մոսկվայում Իրանի ռազմական կցորդ, գնդապետ Սուլեյման Ադելին հայտարարել է, որ Իրանն ու Ռուսաստանը ցանկանում են, որ Մերձկասպյան երկրներն ապահովեն Կասպից ծովի անվտանգությունը` առանց օտար երկրների միջամտության, որոնց ներկայությունը հանգեցնում է լարվածության ու կոնֆլիկտների: