Բաժիններ՝

Կարեն Բաբակեխյան. Երկու կլանները եթե չհաշտվեն, կմիջամտենք, որ արտագաղթեն

Հատված «Առաջին լրատվական»-ին տված Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի հարցազրույցից

– Պարոն Բաբակեխյան, մի քանի ամիս է անցել Գյումրիի հայտնի կրակոցներից և Գյումրին որպես կրիմինալ քաղաք բնորոշվելուց հետո: Արդյոք ոստիկանությանը հաջողվե՞ց բժշկելու միջոցով փոփոխություններ իրականացնել, քանի որ ՀՀ ոստիկանապետը մեկ անգամ չէ, որ ասել է, որ ինքը  բժշկելու կողմնակից է:

– Առանձնապես փոփոխություններ տեղի չեն ունեցել, մենք մեր աշխատանքն ենք կատարում: Համարել, որ Գյումրին սարսափելի կրիմինալ քաղաք է` այդպես չէ, պարզապես ինչպես ոստիկանապետն ասաց, որ եթե կլանային հարաբերությունները չլինեն, բնականաբար Գյումրի քաղաքում գյումրեցիների առօրյան մի քիչ հանգիստ կլինի, բայց, ցավոք սրտի, այդպես չէ: Բոլոր դեպքերը բացահայտվում են, ես չեմ հիշում, որ որևէ դեպք չբացահայտված մնա:

– Այս դեպքից հետո մամուլը բազմիցս անդրադարձավ Ձեր հնարավոր պաշտոնանկությանը: Ոստիկանապետը վերջերս  ծառայության գծով Ձեր երկու տեղակալներին` Համլետ Կիրակոսյանին և Հարություն Ավետիսյանին, աշխատանքից ազատեց: Արդյո՞ք այս քայլերը  համակարգի առողջացմանը կնպաստեն:

Կարդացեք նաև

– Սկսենք նրանից, որ կադրերի ռեզերվում հայտնվելը դեռ չի նշանակում աշխատանքից հեռացում: Ինձ էլ բազմիցս լրատվամիջոցները ասում են` ինչու կադրային ռեզերվ: Ես հարցնում եմ՝ ի՞նչ եք հասկանում դրա տակ: Շատ հավանական է՝ վաղը ոստիկանության պետը ինձ էլ վերցնի կադրերի ռեզերվ, և անցնի միառժամանակ, այնտեղ, որտեղ նպատակահարմար գտնի, նշանակի աշխատանքի: Կադրերի ռեզերվը չի նշանակում հեռացված է:

– Այս մեկուկես տարվա ընթացքո՞ւմ ինչ եք տեսել, բացի այն, որ կրիմինալը ժամանակ առ ժամանակ գլուխ է բարձրացրել:

– Ընդհանրապես, անկախ մարդու զբաղեցրած պաշտոնից, անկախ մարդու դիրքից, գումարի չափից` անպատիժ չպետք է մնա ոչ ոք: Եթե մարդը կամ իր զավակը կատարել են ինչ-որ մի արարք, բնականաբար պետք է պատժվեն, հավասար լինեն բոլորի հետ, դա վերաբերում է նաև ինձ: Ինձնից սկսած՝ բոլորը, ովքեր ինչ-որ օրինազանցություն կամ սխալ արարք են կատարել, բոլորը պետք է անխտիր պատժվեն:

– Այս ընթացքում եղե՞լ են պահեր, երբ Դուք, որպես ոստիկանապետ, ինքներդ Ձեր խղճի դեմ եք գնացել:

– Ինձ հետ նման բան չի եղել: Ես չեմ կարող այնպիսի արտահայտություն  անել, որ այս համակարգից հոգնել եմ, քանի որ սիրում եմ իմ աշխատանքը: Ես ինքս եմ ընտրել այս աշխատանքը: Այսօր մենք ունենք շատ նորմալ սպայական կազմ, հոյակապ ղեկավարներ՝ սկսած մեր ոստիկանապետից, վերջացրած բոլոր տեղակալներով: Ասեմ, որ հիմա, նախկինի համեմատ, բոլոր առումներով մեզ համար մի քիչ հեշտ է աշխատելը:  Ինչ վերաբերում է խղճին դեմ գնալուն, ապա ոչ մի անգամ իմ խղճին դեմ չեմ գնացել: Ես իմ սուրբ պարտականությունն եմ կատարում, և շատ-շատերը գիտեն, որ ես այն մարդկանցից չեմ, ում մոտ կարելի է միջնորդ ուղարկել կամ ինչ-որ հարցի շուրջ կարելի է միջնորդություն անել: Չէ, ես ճշմարտության կողմն եմ, ճշտի կողմն եմ:

– Ընդունված կարծիք կա, որ եթե անպատժելիության մթնոլորտ չլիներ, Սյունիքում և Գյումրիում եղած դեպքերի նման դեպքեր չէին լինի:

– Չէ՛, ես համամիտ չեմ: Շատ լավ ասացվածք կա` երբեք մի ասա երբեք: Կյանքում ոչ ոք  ոչնչից ապահովագրված չէ: Ի վերջո, եկեք մի բան հասկանանք: Եթե չլինի հանցագործությունը, ոստիկանությունն ի՞նչ է անելու: Ամեն ինչ էլ կարող է լինել: Ուղղակի մենք՝ ոստիկաններս, պետք  է պատրաստ լինենք և կարողանանք շատ արագ արձագանքել այդ ամենին:

– Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասում է, որ կրիմինալն ու հանցագործությունները Երևանում են, նման բաներ Գյումրիի վրա մի բարդեք, Գյումրին երբեք էլ կրիմինալ քաղաք չի եղել, վատ բարքերը գալիս են Երևանից:

– Ես  Վարդան Ղուկասյանի ասածը չհասկացա: Ես երևանաբնակ եմ, շաբաթներով մնում եմ այստեղ՝ Գյումրիում, իմ ընտանիքը Երևանում է: Այսինքն՝ ե՞ս եմ կրիմինալն ինձ հետ Երևանից այստեղ բերել: Այսօր այստեղ ես եմ երևանաբնակ: Համամիտ չեմ պարոն Ղուկասյանի հետ:

– Այս պահի դրությամբ քաղաքում իրավիճակը լարվա՞ծ է մնում:

– Չէ՛, բացարձակ:

– Երկու գերդաստանների միջև դարավոր պայքարը հարթվե՞ց:

– Գիտեք, իմ ոստիկանության պետը լավ արտահայտություն արեց. եթե չհաշտվեն, մենք կմիջամտենք, որ իրենք  Հայաստանի Հանրապետությունից արտագաղթեն:

– Բայց չէ՞ որ մենք արտագաղթի լուրջ խնդիր ունեք:

– Չէ՛, այս հարցում մենք կօգնենք արտագաղթեն, երկու կլանների մասին է խոսքը…

– Կարո՞ղ եմ Ձեր խոսքերից հասկանալ, որ խնդիրը դեռևս չի հարթվել:

– Տվյալ հարցին կարող են պատասխանել միայն ու միայն իրենք: Եթե ես այսօր ասեմ, որ իրենք հաշտվել են, ինչ-որ տեղ սխալ կլինի նման պատասխան տալը: Նորից եմ ասում՝ երբեք մի ասա երբեք:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս