Հաշվետվության մասին Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել. ՎՊ մամուլի խոսնակ
ՎՊ նախագահի մամուլի խոսնակ Աննա Վարդանյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել է, որ ԱԺ ներկայացված և բուռն քննարկումների առիթ դարձած ՎՊ զեկույցը ներկայացված է եղել ինչպես կառավարության և խորհրդարանի ղեկավարներին, այնպես էլ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին:
«Օրենքով սահմանված կարգով հաշվետվությունը, երբ որ խորհուրդը հաստատում է, Վերահսկիչ պալատի խորհրդի հաստատումից անմիջապես հետո, տասն օրվա ընթացքում և հետո մեկ ամսվա ընթացքում ներկայացվում է ԱԺ նախագահին, կառավարությանը և հանրապետության նախագահին»,- ասել է Աննա Վարդանյանը: Ըստ նրա՝ Վերահսկիչ պալատի մասին օրենքում հստակ նշված է, որ մինչ հաշվետվությունը խորհրդարանի ամբիոնից օրենսդիրների դատին ներկայացնելը, այն ներկայացվում է այդ մարմիններին: «Մենք աշխատում ենք օրենքի շրջանակներում և ներկայացրել ենք ըստ ընթացակարգի»,- մեզ հետ զրույցում ասել է ՎՊ նախագահի մամլո խոսնակը:
Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին պաշտոնանկ են անելու, ապա ըստ Աննա Վարդանյանի. «Ես տեղյակ չեմ, ես ձեր նման աշխատող եմ: Ես որևէ նման խնդրի մասին տեղյակ չեմ»:
Կարդացեք այստեղ.