Մեղադրվում է ՀԱԲ-ի «Ադանա» կամավորական ջոկատի կեղծ փաստաթղթերը խաբեությամբ ձեռք բերելու մեջ
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ամբաստանյալ Լենդրուշ Գեղամյանի գործով դատաքննությունը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, համաձայն մեղադրական եզրակացության՝ Լենդրուշ Գեղամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չմասնակցելով ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը, որպես հաշմանդամ ազատամարտիկ զինվորական կենսաթոշակ ստանալու և այլ իրավունքներից օգտվելու նպատակով խաբեությամբ ձեռք է բերել ՀԱԲ -ի «Ադանա» կամավորական ջոկատի կազմում 1989-1993 թվականների ընթացքում ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը մասնակցելու և «կոնտուզիա» ստանալու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր:
Այնուհետև ամբաստանյալն այդ փաստաթղթերը ներկայացրել է տարբեր բժշկական հաստատություններ, հետազոտվել որպես ազատամարտիկ և 2004-ի ապրիլի 15-ին ՀՀ սոցիալական ապահովության նախարարության թիվ 2 ԲՍՓՀ-ի կողմից ճանաչվելով 2-րդ խմբի հաշմանդամ մինչև 2011-ի դեկտեմբերի 1-ը խաբեության եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափի 20.058095 ՀՀ դրամ գումար:
Լենդրուշ Գեղամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Դատարանում վերջինիս շահերը պաշտպանում է Լյուդվիգ Ավետիսյանը, իսկ մեղադրանքը պաշտպանում է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Վ. Հարությունյանը:
Ըստ datalex-ի՝ գործով նախագահող դատավորը Սամվել Ուզունյանն է: Գործով հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 7-ին: