Ոստիկանության համակարգում ֆինանսական բուրգի գործով դեռ մեղադրյալներ չկան
Ոստիկանության համակարգում ֆինանսական բուրգի գործով դեռևս մեղադրանք ոչ ոքի չի առաջադրվել: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության նորանշանակ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է:
Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ի թղթակցի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ Ոստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից վաշխառությամբ զբաղվելու, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքն հափշտակելու և շորթում կատարելու հատկանիշներով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքիի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ կազմակերպված խմբի կողմից շորթում, և 213-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վաշխառություն, կատարվում է նախաքննություն: Նշենք, որ գործը հարուցվել է ապրիլին և արդեն երկու ամիս է, ինչ քննությունը շարունակվում է, սակայն այլ մանրամասներ քրեական գործի մասին ՀՔԾ-ն չի տրամադրում:
Իսկ մամուլում խարդախություններով և շորթումներով զբաղվող խմբի որպես ակտիվ դերակատար նշվել է Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը, շոշափվում է նաև Շիրակի գործող ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի անունը։