
ԻԱԿ-ը Ազգային ժողովից պահանջում է չխախտել տեղեկատվություն ստանալու իր իրավունքը

«Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ ՀՀ վարչական դատարանում՝ դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի հայցադիմումի գործով առաջին նախնական դատական նիստը:
ԻԱԿ ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը պնդեց հայցը, որով խնդրում է ճանաչել հայցվորի իրավունքի խախտման փաստը և պատասխանողին պարտավորեցնել տրամադրել ՀՀ Ազգային ժողովի նախագահի թիվ 10,12,13,14,19,44,48,49,50,59,66,72, այսինքն՝ թվով 12 կարգադրությունների պատճենները, ինչպես նաև պատասխանողից բռնագանձել դատական ծախսերի գումարը:
Ըստ հայցվոր կողմի, հիշյալ կարգադրությունները չտրամադրելով խախտվել է իր տեղեկատվություն ստանալու իրավունքը, այսինքն՝ խախտվել են ՀՀ Սահմանադրության 27.1 և 27-րդ հոդվածները, ինչպես նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 1-ին, 3-րդ, 6-րդ և 9-րդ հոդվածները:
Պատասխանող կողմի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետի տեղակալ, խորհդատու Սոնա Թևանյանը պնդեց իր պատասխանը, որով առարկել է հայցի դեմ: Պատասխանող կողմի ներկայացուցիչը նշեց, որ հայցվոր կողմին տրամադրվել է 127 էջից բաղկացած տեղեկատվություն, չեն տրամադրվել միայն հիշյալ 12 կարգադրությունների պատճենները, որոնք աշխատողների անհատական տվյալներ են պարունակել՝ հիմնվելով «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքի ու Աշխատանքային օրենսգրքի համապատասխան դրույթների վրա:
Ի պատասխան հայցվոր կողմի առաջարկի ներկայացնել հիշյալ կարգադրությունների բովանդակությունը՝ առանց անհատական տվյալներ նշելու, պատասխանող կողմի ներկայացուցիչը պատրաստակամություն հայտնեց այն ներկայացնել որպես դատավարական փաստաթուղթ: Այսօր էլ կողմը պատրաստ էր ներկայացնել համապատասխան տեղեկանքը, սակայն այն ստորագրված չէր, այսինքն, դատարանի գնահատմամբ՝ պատշաճ փաստաթուղթ չէր:
Այն ներկայացնելու համար դատարանը նշանակեց ևս մեկ նախնական դատական նիստ՝ օգոստոսի 7-ին:
2012թ. նոյեմբերի 22-ին հայցվոր կողմը տեղեկատվություն ստանալու խնդրանքով դիմել էր ՀՀ Ազգային ժողովին, դեկտեմբերի 5-ին ստացվել էր պատասխան՝ առանց պահանջվող տեղեկատվության, տեղեկատվությունը ստացվել էր ի պատասխան 2013թ. մարտի 4-ի հարցման՝ երեք օր անց՝ մարտի 7-ին, սակայն այս անգամ էլ չէին տրամադրվել խնդրո առարկա 12 կարգադրությունների պատճենները: