Ինչո՞ւ է շտապում Տիգրան Սարգսյանը

Հունիսի 29-ի՝ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետով արչապետ Տիգրան Սարգսյանն ակնհայտորեն ոգևորվել է: Նա, ամենայն հավանականությամբ, ներիշխանական պայքարի այս փուլում իրեն հաղթանակած է համարում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի, «հակավարչապետական» թևի նկատմամբ ընդհանրապես: Ու ժամանակ չկորցնելով՝ փորձում է օգուտներ քաղել Ս. Սարգսյանի կողմից ստացված պաշտպանությունից:

Դրա վկայությունը կառավարության անդամների՝ իրար հաջորդող ասուլիսներն են, որ տեղի են ունենում այս օրերին: Երեկ ՎՊ-ին պատասխանելու նպատակով ասուլիս էր հրավիրել Կառավարությանն առընթեր Ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, այսօր՝ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը:

Բնականաբար, երկուսն էլ իրենց խրոխտ անհամաձայնությունն արտահայտեցին ՎՊ հաշվետվությանը, ամեն մեկն իր հնարավորությունների չափով փորձեց «սխալ հանել» ՎՊ-ին:
Վերջինիս մամուլի ծառայությունն էլ, որ այս օրերին աշխատում է արտակարգ ռեժիմով, ասուլիսներից կարճ ժամանակ անց հանդես եկավ պատասխան հաղորդագրություններով՝ սխալ հանելով ՎՊ-ին «սխալ հանողներին»: Բայց ամեն ինչ դեռ առջևում է:

Կառավարությունում կան մեկ տասնյակից ավելի նախարարներ, մոտ այդքան էլ՝ կոմիտեների ու վարչությունների պետեր, ովքեր դեռ չեն հասցրել պատասխանել Վերահսկիչ պալատին: Ըստ ամենայնի, նրանք երկար սպասեցնել չեն տա, քանի որ վարչապետ Տիգրան Սարգսյանն ակնհայտորեն շտապում է այս հարցում: Վաղը ՎՊ հաշվետվության հետ կապված ասուլիսներ են հրավիրել միանգամից… 5 նախարարներ, հիմնականում՝ Տ. Սարգսյանի մերձավոր թիմի ներկայացուցիչներ. Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նրանք, բնականաբար, բոլորն էլ հակադարձելու են ու սխալ են հանելու Վերահսկիչ պալատին: Վերջինիս մամուլի ծառայությունն էլ երևի հակադարձելու է նրանց:

Այս գործընթացն, իհարկե, քչերին է հետաքրքրում: Հատկապես որ, մեղմ ասած,այնքան էլ հաճելի երևույթ չէ, երբ նախագահի քննադատությունից հետո պետական կառավարման համակարգի բոլոր ներկայացուցիչները «հարձակվում» են այն մարդու վրա, ումից դժգոհություն է արտահայտել Սերժ Սարգսյանը: Բայց հետաքրքիր է՝ ի՞նչն է նման շտապողականության պատճառը: Ինչո՞ւ չեն բավարարվում օրական գոնե մեկ նախարարի ասուլիսով և որոշել են ՎՊ-ին պատասխանել «փաթեթով»:

Ամենայն հավանականությամբ, Տիգրան Սարգսյանը հաշվարկել է, որ Ս. Սարգսյանի կոշտ ելույթից հետո նրա թիրախում հայտնված պաշտոնյաները կփորձեն ամեն կերպ մեղմել զայրույթը, ոմանք դա կանեն՝ Ս. Սարգսյանին համոզելով (գուցե փաստերով), որ Տիգրան Սարգսյանը «խտացրել է գույները» և նախագահին «լարել» է իրենց դեմ: Իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, Տ. Սարգսյանը ժամանակ չի կորցնում՝ իր դեմ տևական ժամանակ աշխատող թիմին հարվածներ հասցնելու համար:

 

 

Տեսանյութեր

Լրահոս