Ո՞ր ուղղությամբ է շարժվելու ՀՀ կառավարությունը. Մշակվել է 2014-2016 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
Առաջիկա 3 տարիներին ՀՀ կառավարության համար գերակա են լինելու 3 հիմնական ուղղություններ՝
- սոցիալական ոլորտի առանձին ճյուղերում (մասնավորապես՝ կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն), ինչպես նաև պետական կառավարման բնագավառում պետական մարմինների գործունեության արդյունավետության, նպատակաուղղվածության և հասցեականության մակարդակի բարձրացման, նրանց կողմից հանրությանը մատուցվող ծառայությունները բնակչության համար ավելի մատչելի դարձնելու նպատակով իրականացվող բարեփոխումների ֆինանսական ապահովում,
- հանրապետության տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանում կայունությունը և Ղարաբաղյան հակամարտության կողմերի ուժերի հավասարակշռությունը պահպանելու նպատակով պաշտպանության և ազգային անվտանգության կառույցների կենսագործունեության համար անհրաժեշտ ֆինանսական ապահովում,
- տնտեսության առանձին ոլորտներում (մասնավորապես՝ գյուղատնտեսություն, ջրային տնտեսություն, ճանապարհային տնտեսություն և էներգետիկա) ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման ծրագրերի իրականացում:
Այս ուղությունները նշված են ՀՀ 2014-2016թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում, որը հուլիսի 4-ին նախատեսվում է հաստատել կառավարության նիստում:
Որոշման նախագծի համաձայն՝ նշված գերակայությունների համաձայն իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորման համար բյուջետային ռեսուրսները հիմնականում կհամալրելվեն արտաքին աղբյուրներից պաշտոնական դրամաշնորհների և փոխառու միջոցների ներգրավման միջոցով:
Ի դեպ, փաստաթղթի հեղինակները նշում են, որ վերը նշվածը, հաշվի առնելով նաև պետական պարտքի ցուցանիշները խելամիտ սահմաններում պահելու խնդիրը, էականորեն սահմանափակում է ՀՀ կառավարության հնարավորությունները: