Ուսանողուհու տատիկը ապատեղեկատվությո՞ւն է տարածում
Օրերս տարբեր լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվում, որ «Մանկավարժական համալսարանը, չնայած նախարարի հորդորին, չի զեղչել կարկուտից տուժած մրգաշատցի ուսանողուհու ուսման վարձը»:
Տեղեկացնենք, որ Մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողուհի Ադմինա Մարգարյանը ուսման վարձի զեղչման համար դիմել է նախարարի շրջաբերականը Մանկավարժական համալսարան հասնելուց մեկ օր առաջ: Հենց դրանով է պայմանավորված նրա մերժումը:
Հիշեցնենք, որ ԿԳ նախարարի առաջին շրջաբերականն իջեցվել է հունիսի 12-ին, որտեղ Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի անունը բացակայել է: Երկրորդ շրջաբերականը, արդեն Մրգաշատ համայնքը ներառյալ, նախարարն իջեցրել է հունիսի 16-ին, եւ եւս մեկը՝ 19-ին, Այգեշատ, Տանձուտ եւ Մեծամոր համայնքների վերաբերյալ:
Բացի այդ, Մանկավարժական համալսարանի առկա համակարգում սովորող ուսանողները ուսման վարձերը վճարել են մինչեւ նախարարի շրջաբերականը: Հետեւաբար, այս փուլում զեղչման դիմումներն ընդունվում են հեռակա համակարգի ուսանողներից: Կարկուտից տուժած համայնքների բնակիչ, առկա համակարգում սովորող ուսանողների ուսման վարձը կզեղչվի արդեն նոր ուսումնական տարում:
ՀՊՄՀ Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն